Չարենցի տունը Կարսում
Հրապարակախոս Հովիկ Չարխչյանը վստահ է, որ թուրքական թերթերում և կայքերում ներկայացվող կիսաավերակ տունը Չարենցի Կարսում գտնվող հայրական օջախը չի: Նրա խոսքով, ցանկացած չարենցագետ, եթե մի քիչ իրեն նեղություն տա, հեշտությամբ դա կարող է ապացուցել: «Կան փաստեր, վավերագրեր, քարտեզներ, վկայություններ, ականատեսների հիշողություններ: Բայց արի ու տես, որ բոլորը բերանները ջուր են առել ու սկսել են թուրքերի դուդուկի տակ պարել, որոնց ուզածն էլ հենց դա է` ինչ-որ մի անհայտ քարակույտ մեզ վրա ահռելի գումարներով սաղացնելը: Չարենցի տունը այլ վայրում է, այլ փողոցի վրա: Ի վերջո հասցեն նույնիսկ կա…»,-հայտարարում է Հովիկ Չարխչյանը , ով առաջիկայում հանդես է գալու ընդարձակ հրապարակմամբ: Նրա խոսքով, ասվածը հիմնավորելու համար բավականին շատ են փաստերն ու աղբյուրները, որոնք մի փոքր մասնագիտական մոտեցում և ժամանակ են պահանջում:

Հիշեցնենք, որ թուրք լրագրողներից մեկը անդրադարձ էր տպագրել մի կիսաավերակի մասին, որն, իբր, Կարս քաղաքում գտնվող հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հայրական տունն է և որ այն դարձել է ավերակ և թուրք թմրամոլների որջ: Ավելին, այն ցուցադրաբար հանվել է վաճառքի` գնահատվելով 175 000 ԱՄՆ դոլար:

Դրանից հետո հայկական կայքերը անդրադարձել են խնդրին, իսկ մի քանի կազմակերպություններ հայտարարել, թե թուրք լրագրողի կողմից մատնացույց արված Չարենցի հայրական տունը պետք է վերանորոգվի և դարձվի ուխտատեղի:


© Ասեկոսե