Հասարակությունը քաղաքի տապից եկել ու թառել էր անտառի փեշերին:Երբ արդեն քեֆներս միլիոն էր,սարերից իջնող հովի հետ օրորվելով`քայլեցի անտառի խորքերը…


Եվ այսպես պեղելով ինձ ու իմ շրջակա բնության գաղտնիքները`քիչ հեռու կոճղին նստած մի ծեր ու կլոր սունկ տեսա:Մոտեցա,բարևեցի:Ծերուկը ցախը ջարդել-դարսել էր կողքին ու կացինը թխթխկացնելով ոտքին հանգստանում էր...հեքիաթի նման մի բան էր,որովհետև ես`քաղաքի զավակս,նոր էի ծանոթանում գրքերում կարդացած հերոսներից մեկի հետ:Սակայն,ի տարբերություն նրանց սիրալիր պահվածքին`իմ ծեր սունկը բարյացակամ չգտնվեց ու բարևիս ի պատասխան`վայրի բնության լեզվով փնփնթաց`երևի բարև…Զգացվեց,որ ծերուկը վաղուց կորցրել է վստահությունը երիտասարդների դեռ չարմատավորված ողջույնի նկատմամբ…Առավել ևս`քաղաքաբնակ…


Առանց խոսքի բռնվելու ցանկության`շրմփացի նրա դիմացն ու լռեցի…Ծերուկի անտարբերությունը տարօրինակ պահվածքից որոշ ժամանակ անց շարժվեց,ես հենց դրան էլ սպասում էի ու խոսեցի. (հետո բացատրեց,որ հանդիպածները <<մշտապես ցին-ցին ատամներն են բացել ու էշ-էշ բարբաջել… դրա համար էլ իրեն հետաքրքրել էր իմ կարճատև լռությունը).


-Պապի ջան,ուզում եմ մի քիչ բնությունից խոսենք…


-Հենա գնա ձեր վիդիոներով նայի, ես ինչ կապ ունեմ…


Սակայն հարցս մտորումների մեջ գցեց նրան:Ես գիտեի հիմա այդպիսի հարցեր չեն տալիս ու սպասեցի…Քիչ անց ուշադիր նայելով բացահայտ մոլորակային դեմքիս`հարցրեց.


-Որ կողմերից են մեծերդ…


Ասացի ու անգամ կարճ նկարագրեցի գաղթի ճամփան, հետո անմիջապես պապիցս մի քանի հիշողություններով կիսվեցի…


-Պապի ջան,գիտեմ որ բնության մեջ հետաքրքիր ու անհասկանալի շատ բաներ են լինում:Տեսած կլինես`մի բան պատմիր կսովորեմ ու միտս կպահեմ,մեկ էլ Աստված գիտի երբ քո նման մարդու հանդիպեմ…


Նրա դեմքի մռայլ կծիկները գնալով բացվեցին ու արևի ճառագայթների վերածվելով խոսեցին`ցավով սիրով ու հիշելով…


-Որեմն լսի`աչքիս տեսածն եմ ասում,ոնց որ ասեցիր:Աստված վկա`ոչ լսել էի,ոչ տեսել, տղա ջան:Անգամ մեր փչան գյուղապետի պատմությունների մեջ չկա նման բան…


Իսկական բնության սեր եմ տեսել`աղվեսի ու ծաղիկի, լսած կաս?, ըհն~քթիդ տակ խնդմնդալու փոխարեն լսի…


…Չեմ հիշում քանի տարի առաջ էր,բայց գարուն էր…Առավոտվա ծեգին դուրս եկա Արաբիս հետ, հիմա չկա կենդանիս, լավ գամփռ էր…հա~գնում էի անտառից ցախ կտրելու:Առաջին կտրածս ցախը բերեցի, որ դարսեմ բացատի մեջ`Արաբիս հաչոցի ուղղությամբ տեսա փախչող երկար մորթի:Աղվես էր:Մինչև կհասցնեինք ուշքի գալ`կորավ էլ հետքն էլ չկար…Ու էսպես ամեն օր:Երբ իջնում էի բացատ`սա փախչում էր:Ես պետք ա հավաքեի,կուտակեի փայտը մինչև թոռներիցս մեկը կգար քաղաքից,որ օգներ իջեցնեինք գյուղ:Սկզբում մտածեցի երևի ձագ ունի պահած ու էլ ծակ ու ծուկ չթողեցի ման եկա,բայց ոչինչ չկար:Հետո խելքս աշխատեց,եթե ձագ ունենար բնազդով առաջին սպառնալիքից հետո կտաներ`էդ հաստատ:Քանի գիշեր մտածում էի, թակարդ էլ դրեցի թարմ մսով,ոչինչ չօգնեց:Վերջը թոռանս հեռադիտակը վերցնելով լույսը բացվելուն պես ճանապարհ ընկա…


…Աղվեսն ապրում էր մոր ու գայլերից մազապուրծ եղած`մորթաձաղկ քրոջ հետ…Մայր ու քույր իրար հետ մրցելու բերկրանքով որսի էին գնում և մրցման հաղթանակը երբեմն այնքան շատ էր լինում,որ մի բան էլ իրեն էր հասնում…Այդ Աղվեսը հեռու էր որսից, նա հենց երազող էլ ծնվել էր…Օրերով թափառում էր անտառում:Եթե անգամ հանդիպում էր գետնամկան,վազում էր հետևից խաղալու նպատակով`հակառակ մկան տրամադրության,որը ծվծվալով հայհոյում էր եվրոպական ազատամտությունն ու ոտքերին ուժ տալով արագ չքվում էր…


Այդ օրը աղվեսը կհիշի և այս կյանքում ու համոզված եղեք`ընդմիշտ…Փնտրող գլուխը կախ,երկար թափառելուց հոգնած`անսովոր աստվածաբույրից խրտնած`վեր բարձրացրեց և մի քանի քայլ այն կողմ տեսավ Նրան…Ծաղիկ էր,որի բարակ իրանը վեր էր խոյացել մյուսներից անջատ, գլուխն ազնվական նրբությամբ քիչ թեքվել էր, իսկ բազմերանգ աչքերը ապրելու կանչով գունեղացած էին...


Աղվեսը քարացավ ու մնաց.<<Այ~ քեզ գեղեցկություն...>>


Սրված քայլ գցելով`վախվորած փորձեց հոտոտել ու չդիմանալով ներխուժաց անսահման կյանքին`հաափչի~փռշտաց:Ծաղիկը նազանքով գլուխը շրջեց նրա այս ու այն կողմ թաթախված թաց քթից…


Աղվեսը ամաչեց գռեհկության համար և հետ ցատկելով խոսեց.


-Ներեցեք,ուղղակի չդիմացա ձեր հմայքին…


Ծաղիկը ձայն չհանեց`առաջին անգամ էր տեսնում իրենով հիացող տարօրինակ կենդանուն:Կողքի ծաղկատիկնայք միայն պատմել էին բարձրահասակ երկոտանի արարածների մասին,որոնք,եթե բախտ վիճակվեր,կարող է մի երջանիկ օր նկատեին իրեն ու տանելով իրենց օթյակները ընտրյալին տեղադրեին ոսկե արքայական ծաղկամաններում:Ասում էին,ջրին էլ քաղցր են խառնում,որ շուտ չթառամի…


Աղվեսը ամաչկոտ շարժումներով ու կեղծ հետաքրքրությամբ անցավ մնացած բույսերն ուսումնասիրելու,սակայն աչքի պոչով հետևում էր անիրական ծաղկին:Ծաղկաբույսերի մեջ կային երիտասարդ օրիորդներ,որոնք վախենալով նրա անորոշ շարժումներից`տզզալով փաթաթվում էին իրար:Տիկին ծաղիկների հովհարներն ավելի լայն ու արագ էին բաց ու խուփ լինում,իսկ պառավները փշերով ծածկված անիծում էին անդուր կենդանուն…


Սոսափյունը տարածվեց շուրջբոլորը ու Աղվեսի միամիտ զարմանքը փոխանցվեց քթի անկարգ փռշտոցների…Ծաղիկին ծիծաղ պատճառեց Աղվեսի տանջող փռշտիկները դադարեցնելու թավալգլոր փորձերն ու այլ հնարքները,ինչն օդ էր հանել հազարավոր խատուտիկների…


Վերջը նկատելով որ արդեն լուրջ տառապանքի էր մատնվում կենդանին մյուսների արձակած անդուր հոտերից`Ծաղիկը կանչեց իր մոտ և այնպիսի անօթևան բույր պարգևեց,որ Աղվեսի տանջանքը մի քանի հազոցներից հետո անմիջապես տեղի տվեց անհագ ծարավի…Կենդանին ագահորեն հոտոտում ու չէր կշտանում:Որոշ ժամանակ անց խաղաղվելով,իր բամբակե պոչով շոյեց Ծաղիկի իրանն ու նստելով դիմացը`չարաճճի թարթիչները կախեց ցած:Հովից էլ հաճելի դող պատեց ծաղիկին:Սիրտը զարկեց բնության անբառ կանչով`գլխիկը պտտվեց,սակայն ուժ գտնելով`խնդմնդացող հայացքների տակ իրեն պահեց որպիսի չգլորվի ու չծռվի զգացումից…


Ծաղիկին գրավեց արարածի գունեղ մորթն ու բնության աստվածուհուց շոյված երկար համբույրակալ դնչիկը: Իսկ աչքերի անմեղության խաղասեր կայծից`հալչեց Ծաղիկի միայնության զգացումը:


Չլսելով տիկնանց հորդորները`չխոսել վայրենի ու անպարկեշտ մեկի հետ`Ծաղիկը բացահայտ մաքրությամբ սկսեց զրուցել կենդանու հետ…


Նրանք մեկը մյուսի խոսքը կտրելով,պատմում էին կյանքից,որի մեջ միայն բնության գաղտնիքներն էին վառվռում…Ծաղիկը գլուխը խոնարհած նայում էր դունչը թաթերին դրած, իրենով հիացող Աղվեսին:Երկար զրուցելուց հետո երկուսով էլ խորը հոգոց էին հանում`ինչքան~բան կար դեռ ասելու միմյանց…


Այսպես ամեն առավոտ,երբ լույսը նոր-նոր տերևների վրայից սողալով թափանցում էր ցած`Աղվեսը իր տաքուկ բնից թռչելով արդեն ճանապարհին էր…Անգամ փորձել էր գիշերել Ծաղիկի կողքին,սակայն Ծաղիկը մի կերպ համոզել էր հետ կանգնել այդ մտադրությունից`ախր բացատի մեջ վտանգը մեծ էր…


Նրանց ընկերությունը արդեն անցնում էր նոր ու անհորիզոն տարածություն,երբ ծերուկը հեռադիտակով նկատեց ծաղիկի մոտ հանգիստ չտվող մտածմունքների միակ ու ճշմարիտ բացատրությանը…Աղվեսն ընկնելով ու վեր կենալով`պոչիկով շոյում էր Ծաղիկի իրանը: Հետո լեզվով խոնավացնելով տապից կծկված նրա գլուխը`հաճույքից ցնցվելով նորից փռվում էր դիմացը:Գլուխը հենելով պարզված թաթերին երկար ու անթարթ`կտրված ներքին բնազդի ձայնից հմայվում էր:<<Ես հասկացա,որ նրանք զրուցում ու փայփայում էին իրար>>-ասաց ծերուկը:


Մի օր էլ ,երբ լռության մեջ ձուլվել էին բնության իմաստուն խոհերին,մեղուների մի պարս եկավ ու բզզալով, իրար հրելով բուրմունքից արբեցած սկսեցին փրկաբեր նեկտարը քաշել Ծաղիկի սրտից`Աղվեսը անակնկալի եկած կարծելով թե վնասում են իր սիրած էակին`կատաղաբար հարձակվեց նրանց վրա:Բայց ատամները չէին բռնում այս մանր սրիկաներին:Մեղուները խելագարի մարմնին ու դնչին հարձակվելով`օդում ժողով կազմեցին:Այդ ամբողջ կռվում Ծաղիկը փորձում էր համոզել Աղվեսին,որ նրանք մեղք չունեն որ դա ուղղակի պետք էր…Ինչի համար`ինքն էլ հաստատ չգիտեր:Միայն տիկիններից լսել էր,որ նեկտարը տանում են երկոտանիների համար…Աղվեսը հոգնելով մահվան սպառնալիքի հասնող խայթոցներից ու նեղացած Ծաղիկի փիլիսոփայությունից`հեռացավ իր բույնը…


Մյուս առավոտ մռութները կախ գալով`առանց բառ ասելու թաթով կլոր շրջան գծեց Ծաղիկի շուրջն ու հպարտ կեցվածքով նստեց նրա դիմաց:Զարմացած հարցին,թե ինչու դա արեց, պատասխանեց.


-Որովհետև դու իմն ես միայն,քո բուրմունքը ցողված է հոգուս վրա ու այնտեղից ամեն առավոտ դու`ինքդ ես արթնանում,բայց երբեք չես քնում…երբեք:Լսում~ես, թույլ չեմ տա ինչ-որ բան մտնի այս շրջանից ներս`դու իմն ես հավետ….


-Խենթացել?ես իմ սիրելի Աղվես:Իսկ եթե գաս ու տեսնես,որ եղել են հանդգնողներ ու էլ այստեղ չեմ?…


-Սուր ատամներովս կկրծեմ,ճանկերովս կբացեմ նրա փորոտիքն ու կդարձնեմ իմ բարեկամ Արծիվներին կեր…


Ծաղիկն ընկավ մտորումների մեջ.<<Իրոք,եթե հանկարծ գան ու տանեն իրեն,ինքն առանց Աղվեսի…դժվար`չեն նկատի ինձ…իսկ ծեր երկոտանին բացի փայտից չի էլ նայում իր վրա…>>


Աղվեսը գուշակելով նրա մտքերը,հեգնանքով ասաց.


-Լավ~հիշեցի, դու արդեն քանի անգամ ու երեկ էլ ասացիր ինչ-որ երկոտանի-արարածների մասին և գլուխդ մտցրել ես որ նրանց? ես պատկանում, էդպիսի բան չկա`մտքիցդ հանիր…


Եվ շուռ գալով կողքի վխտացող փշոտ բամբասանքներին ասաց.


-Իսկ դուք,որ բան ու գործ չունեք բացի վախը ցանելուց`ասում եմ`ձեր պատկերացումները ինչ-որ երկոտանիների մասին փուչ են ու սուտ…


Ծերուկը գյուղամեջ էր իջել տեսածը պատմելու հավաքվածներին,սակայն բոլորը վերագրեցին տարիքի խտացմանն ու չհավատացին նրան:Անգամ հին ընկերները մեղմ ժպտալով ծերուկի խոսքերը մուշտուկի միջով քաշեցին հերթական հիշողությունների ծովը…


Զայրացած հետ եկավ տուն:Սպիտակ թղթին պառավի ձեռագիրն էր.<<Թոռդ ընկերների հետ եկել է ցախը իջացնելու,շատ էին շտապում, գյուղամեջ էիր,ես եմ տանում բացատ,թե կհասցնես արի,բայց գիժ-միժ բաներ նրանց մոտ չխոսաս ամոթ ա`կասեն բիձեն ցնդել ա…>>


Ծերուկի թույլ սիրտը վատ բան կանխազգալով արագացավ:Կանչեց իր հավատարիմ միակ արարածին`Արաբին,ում հետ ժամերով զրուցել էր բնության արտասովոր սիրո մասին:Նրա աչքերի թախծոտ հեռավորության մեջ գտել էր հասկացող ընկերոջը…


Բացատին հասնելով առանց պատասխանելու զիլ ձայներին`աչքերով փնտրեց Ծաղիկին,բայց այնտեղ ոչինչ չկար,բացի ջրալի բարակ ցողունից…Ծեր հոգին դառնացավ ու ձեռնափայտը խփելով գետնին ատամների արանքից մռմռաց.


-Ով? ա պոկել էստեղի ծաղիկը,լակոտներ~…


Պառավը տղաների սառած դեմքերից առաջ ընկավ.


-Թոռդ ա պոկել,սիրած աղջիկ ունի`տանելու ա նվիրի, գոնե ուրախանաս մտածում ես ինչ-որ ծաղիկի մասին`սաղ անտառը էտա էլի…


Ծերունին թափառող աչքերով նայեց պառավին,բայց և շուտ գտավ ընկերոջը ու ձեռքը թափ տալով`խեղդեց նրա մեջ անձայն տառապանքը.<<Եթե իմանա խեղճը, ափսոս…>>


…Աղվեսը վազում էր`հևոցի մեջ խեղդվելով ու նորից թափ վերցնելով:Կողքի տաք ծակոցը ակնթարթ միայն ուղղությունից շպրտեց մի կողմ,բայց Աղվեսը նորից ոտքի վրա էր ու կյանքից էլ թանկ բնազդից այն կողմ տենչում էր այնտեղ…


Հասնելով`աչքին ու սրտին զարկեց ոչ թե գնդակի այրվածքը,այլ դատարկ շրջանակը:Ցավից ու տառապանքից գլորվեց մարաղ մտած որսորդի ոտքերի մոտ`կատաղությունից ատամները վերջին ուժով խրեց`ծակելով անցավ ճտքավոր կոշիկն ու արյան վրեժն առնելով`կարոտած սրտով հոգին ավանդեց…<<Թքել եմ ձեր վրա`վերցրեք մորթիս,բայց ոչ սիրված հոգիս..>>


Այդ ընթացքում ծաղիկը իր լսած ու մյուսների երազած ոսկեգահում`ծաղկաթերթիկներն  էր գետնին ցանում.<<Կարոտել եմ քեզ,Աղվես իմ բարի,էլ չեմ դիմանում…>>


Չօգնեցին անգամ աղջկա նուրբ համբույրներն ու ընտանիքի հոգատար ուշադրությունը…Ծաղիկը սպասվածից շատ շուտ թառամեց ու վերջին խոսքն էր<<Բոլորը ձեզ երկոտանի անաստվածներ…>>: