Ինձ չանիծես
Ինձ չանիծե՜ս, ինձ չանիծե՜ս երազներիդ մայրամուտին…
Նրանց անխոս վերջաբանը ես չեմ գրել….
Շամանդաղված մեր եռքերի այգեկութին
Դու հիշու՞մ ես` երդմա’մբ ես ինձ բանադրել…
Դու հիշու՞մ ես` բույր էիր ժողվում գրկումս տաք`
Ասես թաղված անրջանքիդ շողերի մեջ…
Ես գտել էի հոգեհմա մի հրեշտակ,
Դու` մի կարոտ, մի արբեցում արցունքաշեջ…
Սիրաթաթախ վերջերգին մոտ, վերջից առաջ
Ինձ չդյութե՜ս, չկախարդե՜ս հեշտին սիրով.
Հեռացումը կամք չէ. ցա’վ է լուսահառաչ,
Չթալկանա՜ս իմ գրկի մեջ խանդագորով…
Թո'ղ հեռանամ… Երազներիդ մայրամուտին
Ես չեմ ուզում կրկին դալուկ հեքիաթ գրել…
Ինձ չանիծե՜ս նոր ճամփեքիս այգեկութին.
Ես ինքս ինձ մոռացմա'մբ եմ բանադրել…
© Միքայէլ Սարգիս, 2011
Հրապարակող` sakoqeri, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 99 օր առաջ