ՋՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԿՅԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼ
Թե կուզեք` ինձ էլ գամեք աթոռին անհավատների,
Միևնույնն է, ես էլ չեմ հավատում,
Ո’չ ժպիտներին արեգակնաբույր,
Ո’չ կարոտներին թթվածնով լեցուն,
Ո’չ էլ գալիքին լուսավոր ու վառ…
Թե կուզեք` ինձ էլ գումարեք թվին զազրախոսների,
Մեր առանց այն էլ հուսազուրկ ներկան խորտակողների,
Խարխափողների, կարկամողների,
Ես չեմ վշտանա,
Դեռ ինքս ինձ հետ հաշտ էլ կլինեմ…
Գույներից սակայն պաշտում եմ միայն
Գույնը լուսեղեն, գույնը լուսածին,
Որի մեջ, անշուշտ, դեռ պահպանվում են
Հույսի նշույլներ,
Ջրի կաթիլներ:
Եվ հավատում եմ ես առասպելին կենդանի ջրի,
Որ և’ լսում է, և’ տալիս լուծում,
Որ և’ լացում է, և’ լացդ լսում,
Որ ունի անվերջ մի հիշողություն,
Որտեղ կարող ես ինքդ քեզ գտնել
Փոքր, միջին ու մեծ հասակում,
Որտեղ կարող ես երազդ թողնել
Եվ այն հանդիպել տարիներ հետո,
Որից կարող ես անվերջ զովանալ,
Տտիպը վաղվա մի քիչ մոռանալ,
Եվ հանձնել նրան մութն ու խավարը
Եվ նրանից նոր հավատներ ստանալ`
Նորածին օրվա լուսածին լույսին գեթ հավատալու…
Ջրին կենսատու ես հավատում եմ,
Սակայն կուզեի մի քիչ հավատալ
Նաև գալիքին,
Կյանքի բարիքին
Եվ խաղալիքիին թլվատ մանուկի.
Ախ հավատալուն ես հավատում եմ,
Սակայն հավատալ չեմ կարողանում:
Հրապարակող` Անեթ, Բաժին` Հայ ժամանակակից գրականություն, 105 օր առաջ