Էմիգրանտը
Առավոտյան նոր ծնվող ճառագայթներն ընկել էին ոչ լայն սենյակից ներս ու աղոտ լույսով ծածկել էին լուսամուտի մոտ դրված բազմոցը:
Արևի ջերմ փշուրների ներքո` տեղաշորում տարածվել էր երիտասարդական պիրկ մկաններով մարմինը, որի վրայից արդեն ծորում էին նոր հասած քրտնակաթիլները: Երիտասարդը,մերթ ընդ մերթ արագ թեքվելով,կարծես ինչ-որ բան կոտրելու <նպատակով> գլխով փռվում էր մի կողմից մյուսը…
Հերթական անհանգիստ քունն էր, որից դուրս գալ նշանակում էր արթնության մեջ կծկվել ու խորհել երազների մղձավանջների մասին…
Արդեն քանի անգամ տեսնում էր նույն երազը. ետ էր վերադարձել տուն ու դիմավորելու էին եկել ամենքը, ում գիտեր, բոլորը կանգնած լուռ իրեն էին նայում .ուզեց փաթաթվել, գրկել ,սակայն ձեռքերը թուլացան, երբ կարդաց նրանց աչքերում հույսերից խորտակված հիասթափություն…Ինքը տարիներ ծամված արցունքների միջից շշնջաց.<<Աստված իմ ,ես ինչու եկա, իզուր~իզուր>>… Միայն մայրը մոտեցավ ու բռնեց կարոտած ցավը սրտի…
Փոքր ժամանակ մաշող երազներից վախենում ու ցնցվելով վեր էր թռչում, բայց գտնելով իրեն ընտանիքի սիրո մի անկյունում`հանգստացած գրկում էր բարձն ու կարծես մոր փորի մեջ ջերմ հոսանքով նորից երկնային քուն էր մտնում, իսկ հիմա, երբ հեռու էր տնից-տեղից, ընտանիքից ու երկրից, երբ հասկացել ու անգամ կարողանում էր մեկնել գիշերվա խորհուրդը,երազում էր մանկության մղձավանջների մասին…Մայրական օջախում` հարազատ երկրում ,միայն մի անգամ էր վախից ցնցվում, բայց և շատ շուտ ամրապնդվում,իսկ հիմա~,հիմա ցնցվում էր ոչ միայն գիշերը այլև լույսի ներքո ու ամեն օր, ամեն վայրկյան`հանդիպելով օտար 21-րդ դարի առավել զարգացած ստորին վիժվածքների…
Երիտասարդը վեր թռավ զարթուցիչի ձայնից ու էլի դանդաղ տեղավորվեց նույն դիրքով:Մի քանի րոպե պառկեց հաճախակի դուրս թռչող հառաչանքների մեջ: Հետո անցավ աչքերի ջանասիրաբար տրորելուն: Մրմուռով աշխատանքը վերջացնելով`դուրս եկավ տեղաշորից ու ծանր-ծանր շնչելով`քայլեց դեպի դուռը, որի ճռռոցին հաջորդեց իր ձայնը.
-Մաամ~,մամ ջան, մի հատ կոֆե դիր,գալիս եմ:
Անցնելով նեղլիկ միջանցքով` կանգնեց լվացարանի մոտ ու չմփոցով երեսը շփելով` նույն ծանր քայլերով թեքվեց դեպի կողքի խոհանոցը.
-Հըն, մամ ջան ,պատրաստ ա?, ու ինքնաբերաբար բացելով դարակը, անցած օրվանից <պատրաստ> սուրճը լցնելով բաժակի մեջ`դիմեց մորը.
-Հետո~, ինչ-կա չկա աշխարհքում?,- մտածելով ավելացրեց, -հա,նույնն ա ,ճիշտ ես ասում, ամեն ինչ նույննա…լսի` ասում եմ մեր հայաթի էն Մանուկի աղջիկը աչքիս ալա-բուլայա երևում, լավ-լավ կատակ եմ անում, մի ջղայնացի,մամ ջան, ցավդ տանեմ…
Սուրճը կիսատ թողնելով վեր կացավ, որ վերադառնա իր սենյակ ու հանկարծ միջանցքում մտաբերելով`գոչեց.-Մաամ~, չասեցիր ընկերներիցս հարցնող չի եղել?,-ու մի քանի վայրկյան գլուխը կախ սպասելով պատասխանի,ինչն այդպես էլ չհնչեց` մտավ սենյակ:
Կանգնելով հայելու դիմաց `մեխվեց աչքերի մեջ, որտեղից ձուլված Օտարը նույն կծծի ժպիտով նայում էր իրեն…էլի դիվահարի պես սարսռած հոգին,ամբողջ մարդկային կերտվածքը խառնվեց իրար:Ուզեց խոսել, բայց բառ չկար .կարծես ոչ մի բառ չէր էլ իմացել: Իջավ նախամարդու մթության ու բարձրացավ գերմարդու կատարելության ու առաջին անգամ զգաց հոգին, որ կապված ու իր վրա հեծնած- նստած էր Օտարը…
Հայելու միջի աչքերը էլ չէր կարողանում իրենը համարել, դրանց մեջ արդեն ուրիշ փայլ էր խոսում ու բոցկլտում. վախով լցվեց, գնալով էլ ավելի գալարվեց ներսն ու մխրճվեց անգույն աշխարհ: Իրենից տարբեր ու բազմաթիվ մարդկանց աչքերի լույսեր`բռնապետի ու ծառայի, մարդասպանի փայլ ու ճահիճում խեղդվողի վերջին շշուկ…
Ուժերն հավաքելով փորձեց պոկվել անծանոթ վախից,սակայն արդեն թակարդի մեջ էր ու հպատակ…
Աչքերը` սովոր Օտար լույսի ,ինչ-որ նոր գույն էին ստացել, դրանցով նայում էր` հույսով գտնելու կորցրածը, սակայն անօգուտ ,որովհետև օտարը,բռի մեջ հավաքելով իրեն,պատնեշ էր ստեղծել դեպի ցանկալին ու երանելին…,ու երբ ուզում էր ցատկելով անցնել էդ պատնեշը, զգում էր անհնարինը.ոտքերը կարճացել էին,գրեթե չկային, ու նստած էր անհասկանալի հաշմասայլակին, որին ինքը չէր կառավարում ,այլ օտարածինների ձեռքով սարքած ու լավ ամրապնդված խաղալիքները`փողը,նախանձը,սուտն ու կեղծիքը ու բազմազան սարքովի կեղծ ժպիտները…
Երիտասարդը հասցրել էր համոզվել, որ այսքանը գիտակցելով անգամ `նորից դուրս էր գալու ու երկու քայլ չարած մտնելու էր կեղծ ժպիտով քողարկված տենչանքի մեջ, քայլելու էր շահատենչ ու լորձոտ հայացքով. ուզում էր փոխվել ,բայց էլ ուժ չուներ,մտածում էր` ժամանակն է արդեն ու մոռանում էր ժամանակի մասին…
Երիտասարդը, օտարից հաղթված ու թուլացած, ընկավ գետնին ու ծնկներով գնաց բաց պատշգամբ: Հասնելով ոտքի կանգնեց` ու ամեն օրվա պես գոռաց ու ոռնաց.
-Ուր~ էք իմ ընկերներ ու ախպերներ, ուր~ էք իմ ծնողներ, իմ հեր ու մեր, ուրաա~ժավելի ու կարտոլի ձենը, ուր~ էք փողոցի հայկական մտածկոտ մռութով լիքը շներ, կարոտել եմ Ամենքիդ ու ամեն ինչ…
Ներքևի հարևան լոնդոնյան անգլուհի տիկինը, սովորաբար նույն ժամին նստած, իր սիգարետն էր վայելում` զմայլվելով արվարձանով: Ու երբ հայը ամեն առավոտ գոռում էր պատշգամբից, տիկինը միշտ օձի կծածի պես վեր էր թռչում, կարծելով թե տեռորիստական մի ռումբ պայթեց: Այս անգամ էլ նույնը կրկնվեց, ու էլի տիկինը սովորական անգլիաբառ ճղճղաց.
-Հերիք ա ամեն օր նույնը, քիչ ա` եկել ես մեր երկիրը, մի հատ էլ քո զզվելի լեզվով ամեն առավոտ գոռում ես:
Երիտասարդ հայը, միշտ sorry ասելով հայերեն քրֆելով , ամոթից տուն էր ծլկում, բայց այս անգամ գոչեց անգլերենով.
-Տոո~,դու էլ, երկիրդ էլ...թագուհիդ էլ..թե գիտես, մենք Թագավոր ու Թագուհի չենք ունեցել…
Հրապարակող` LevonShahnur, Բաժին` Ժամանակակից արձակ, 125 օր առաջ