…Ռուբոն ու Սմբատը ապրում էին խումհար կյանքով: Սրանց ստամոքսը անկուշտ օղիով էր լցվում`փողոցներից շիշ, կարդոն, ֆլան-ֆստան հավաքելով ու հանձնելով: Ամեն մեկն ուներ իր անցած կյանքի պատմությունը: Ռուբոն եղել էր ավտոպարկի տնօրեն, իսկ Սմբոն` գործարանում գլխավոր հաշվապահ: Դարավերջին նրանք քիչ-քիչ սովեցին ,ու ինչպես այդ սերունդի մեծ մասը` ապշած ու մոլորված հայհոյելով երկրին ու Գորբաչովին` խեղդվելով փակվեցին երազաբեր թմրաշշերի մեջ…


Ռուբոն ուներ կին, որի մի կեսն արդեն խելագար էր, իսկ մյուս մասը թողել էր թարմ`լիաթոք ծիծաղելու համար...Ամուսնյակներին տրվել էր երկու որդի: Ավագը ամուսնացավ ու  կորավ: Իսկ կրտսերը խոստումնալից ապագայով նկարում էր, բայց հոգնելով ամեն օր մի քանի անգամ փողոցներում փռված հորը տուն բերելուց` մի կերպ չքվեց Եվրոպա: Այնտեղ նկարելով իր ծանր ապրումները` դարձավ հայտնի նկարիչ ու մոռացավ հորից տրված <մեծ շնորհը>…


Սմբոյի հարցն ուրիշ էր.կինը քաղաք եկած մեծակուրծք մի գեղջկուհի, դուստր, որին ունեցել էին բավականին մեծ տարիքում, և երկուսով էլ խենթանում էին աղջնակի համար` մանավանդ Սմբոն. մինչև կոկորդը հարբած լինելով անգամ, եթե  մոռանար երկրին էլ Գորբաչովին էլ…, մեկ է` իր սիրելի դստերը մի նվեր պետք է տաներ` թեկուզ դա լիներ թաղապետարանի այգուց պոկված վարդ-մանուշակ…


Ռուբոյին կանչում էին լացկան, որովհետև տեսնելով մարդու վրա ականջ, ուզում էր պատմել տղաներից, որոնց մասին նոր լուրերը ուրիշներից էր լսում ու հենց բերանը բացում էր, որ երկու բառ ասի, դիմացինը շուռ էր գալիս իր գործերով, իսկ Ռուբոն լացում էր հոնգուր-հոնգուր, ու էդպես էլ մինչև կյանքի վերջ նրան ոչ ոք չլսեց…


Իսկ Սմբոն շնչում էր աղջնակի ապագան վառ տեսնելով…


-Աղջկաս կյանքին մեռնեմ, հեսա դպրոցը հինգ ու խաչով ա ավարտում ու հայդա ինստիտուտ, դրա ցավը տանեմ ,ինքն ա իմ ու կնգաս հույսը, դե ծնող ենք, երևի մեզ էլ կպահի…


 


Ռուբոն ու Սմբոն ծանոթացել էին առավոտյան շաղին` փողոցները հոտոտելու ժամանակ, ու գտնելով միմյանց մեջ ընդհանուր գծեր` օղու, երկրի,Գորբաչովի նկատմամբ,դարձել էին անբաժան` մի բերանի շշընկեր. ամեն անգամ փողոցը թաս չէր բերում…


Մարդիկ, չէ ավելի ճիշտ Ազգս ու պետությունը, նրանց միշտ կերակրում էին օղիով`ստիպելով, որովհետև պետք էին իրենց: Մի պահ պատկերացրեցի, եթե սա կարդա մի փքված տիկին, ապա նրա թանկ հետույքը ուռչելով  կհարցնի.


- Ինչպես եք համարձակվում, ամոթ է չէ~,պատասխանեմ ` դե մենք հո հարուստ պետություն չենք, որ զզվելի կամ չարքաշ աշխատանքի համար ուզբեկի կամ նման մեկի պահենք,  դրա համար էլ մեր մոտ բազմացնում ենք հատուկ սորտը`<ալկաշ> ցեղը, ճիշտ ա ոչ միշտ որակով, սակայն ամենակարևորը էժան ու հասանելի`անգամ ամենաստորին խավին:


Ու եթե պատահեր այնպես (հավատացեք մեկ-մեկ լինում էր),որ մի օր այս երկուսից մեկը արթնանար, լվացվեր ու կանգնելով դատարկ հայելու առջև`մարդ չգտներ,ամուր որոշելով վերածնվել` դուրս գար փողոց ,կհայտնվեր դատաստանի առջև, ուր չորս կողմից ճչում են.


-Սմբո,~էս ուր, էս այ ախպեր, արի-արի գործ կա, էն գառաժս սաղ քաքանոց ա:


Սմբոն, մտքին դրածը  հիշելով,ոզնու փշերը հավաքելով դեմքին, խոժոռվում ու քթի տակ մռթմռթում էր: Իսկ կրթության ոլորտում աշխատող արդեն պ.Գ-թը ,տեսնելով դա ,անպայման գոռում էր.


-Արա,~ մի բաժակ տեղը տվեք, տեսեք ոնց կգա…


 Իսկ կինը, իր քաղքենիությանը ավելացնելով  նոր ժամանակներում ձեռք էր բերած տղամարդկային ագրեսիվություն,լրացնում էր ամուսնուն: Պատշգամբից կախելով իր դմակը`երգեցիկ ձայնում էր.


-Պահոո,~ հլը դրա նազ ու տուզին նայեք`չի էլ ամաչում…


ՈՒ Սմբոն ճմրթվելով խոսքերից ու հռհռոցից,տեսնելով ցախավելը ձեռքին քեֆը տնգոզ  ընկեր Ռուբոյին` փուքսը թողնում ու գլուխը կախ անցնում էր գործի…


Սակայն հետաքրքիրը գործի վերջն էր լինում, երբ լոզոտ բերաններով կատաղած ու գազազած նայելով իրար ,սպասում էին Փրկությանը…


Դա փառահեղ մարդկային գարշելիության րոպեներ էին, որին բլոտն ու նարդին թողնելով `հավաքվում էին թամաշայի…


Օրերից մի օր Շիշը դրված էր,զվարճալի խաղը սկսված: Ռուբոն ու Սմբոն շշին տիրանալու մոլուցքով`վերացած աշխարհից ,պատառոտում էին իրար, երկուսի աչքերն էլ փայլում էին սպանող գորշ գույնով…Քանի որ շիշը նպատակով տրվել էր Ռուբոյին, պատճառաբանվելով Սմբոյի սկզբնական տրտունջները, իսկ Ռուբոյին պատվիրվել էր,որ ընկերոջը մասնաբաժին հանելու դեպքում կզրկվեր նաև իր կաթնաղբյուրից…


Բակ մտնող մեքենայի ազդանշանը մի ակնթարթ հանգստացրեց երկուսին ու բազմությանը,և պ. Գ-թը, որը միշտ մերձենում էր ցանկացած շքեղ առարկայի հետ, այդ օրն էլ  իրեն ճղելով  հալալ տարերքի մեջ, սկսեց մարդկանց ետ ու առաջ հրելով ճանապարհ բացել…


Առաջ շարժվող շքեղ մեքենան կանգնեց, ու դուռը բացվելով միջից դանդաղ դուրս եկավ Սմբատի աղջնակը ու հարդարելով հագուստից կախ կտորները`մի տեսակ մեծացած ու մեռած հայացքով նայեց հորն ու կախված լռության ներքո քայլեց շենքի կողմ…


Սմբատը ցնցված  նայեց վեր օգնության հույսով, իսկ պատշգամբից  աղջկա ամեն մի քայլին հետևում էր կինը` ուրախ երանելի Հացի փողից…