վարազը կարապին նրբագեղության դասեր է տալիս…


…-անհամեստություն չլինի ասելը` ես կատարյալ եմ


                              (թեև կատարյալ ոչինչ չի լինում,


            բայց դե էդ անխիղճ բացառությունը շատ պինդ է հերքում):


տե´ս` ինչ մորթ ունեմ` բծավոր, կանչող…


միջատերն իրենց մեծարումներով հանգիստ չեն տալիս. բույրս է կանչում


(դե նրանց էլ եմ հասկանում, անշուշտ)…


դու մի բան ասա´` ի՞նչ մեղք ես գործել,


որ Աստված անգույն այդ փետուրներով պատիժ է տվել…


դու´րս արի ջրից, ցեխի մեջ լողա´ ¯


այսպես, աաա¯ ¯ ¯յ այսպես…


գուցե ինձ նման արյունդ կապույտ, իսկ փետուրներդ կենդանի՞ դառնան…


իսկ պարանոցդ…այլանդակություն, այն էլ` կատարյալ`


բարակ, անկենդան, զզվելի պարան…


լավ է, որ գոնե հասկանում ես դա ու թաքնվում ես ջրերի վրա…


ա´յ, պարանոցը իմն է` Խոզինս`կարճ, հաստլիկ, պարարատ,


իսկը ստեղծված է ադամանդների, զարդերի համար…


իսկ եթե գորտից մի վզնոց խնդրես…թող գործի.


գուցե, մեղմ ասած, օգնի թեթև թոզ փչել սուր աչքիս վրա…


քայլավծքդ լրիվ զրոյական է…դու ահավոր ես…


հապա ինձ նայի´ր…


ամեն քայլիս հետ հետույքս նազով հավերժություն է գծում երկնքում…


անկեղծ եմ ասում` ես կատարյալ եմ…


դու ինձ հետ շփվի´ր…


ինձ համար, այո´, դժվար կլինի (դե գիտես` Հարգանք, Շրջապատ, Պատիվ),


բայց ես քեզ կօգնեմ, մենակ չեմ թողնի…


…………………………………………………………………………………………


…կարապը լռեց-լռեց ու իր անճոռնի մարմնով սահեց ջրի հայելու վրայով` իր այլանդակությունը բնության անկատարության մեջ թաքցնելու…