Սիրո բարձունքին…
…Եվ Վահրամը երկնքի տակ լաց եղավ…
Ֆիդայիների փոքրաթիվ ջոկատն անցնում էր տափաստանով: Թշնամու հետքն անգամ չկար` նահանջ չէր, այլ փախուստ` անկանոն, անկարգ: Եվ չնայած հոգնությանը ֆիդայիները շարժվում էին դեպի թշնամին:
Տափաստանում ծանր լռություն էր, որն երբեմն խախտվում էր լեշակեր թռչունների ձայնից, որոնք իրենց կռնչյուններով մահվան սաստկացող սպառնալիքն էին ցանում-տարածում այդ ամայի տափարակում…
Ամեն ինչ լուռ էր մեռնելու աստիճան:
Բոլորի մտքերը սառել էին, ավելի ճիշտ` չորացել: Միայն քայլելով էին զգում ապրելու տենչը…
Հասնելով փոքրիկ մի բարձունքի, տղաները փորձեցին այն շրջանցել, իսկ Վահրամը բռնեց վերելքի ուղին` բարձունքից կողմնորոշվելու, ճշգրտելու իրենց անցնելիք հետագա ճանապարհը…
Բարձրանում էր լուռ, քայլ առ քայլ մոտենալով գագաթին: Ծանր լռությունն էլ ավելի էր սաստկացնում օշինդրի բույրը:
Դեռ վերջին մագլցող քայլը չգցած, Վահրամը բարձրացրեց հայացքն ու քարացավ բարձրունքին բացված տեսարանից:
Ուղիղ իր դիմաց, բարձունքին, թիկունքը հենած մի քարի իրեն էր նայում անմարդկային գեղեցկության տեր մի էակ…
Գլուխը թեք էր ընկել ուսին: Երկար վարսերը թեթև քամուց մերթ ծածկում էին դեմքը, մերթ բացում…
Գեղեցկությունը մոռացնել էր տվել թշնամանքը, ազգությունը, կռիվը:
Մոլորված, շշկլված մի գնդակից խոցված` բարձունքից հայացքը տափաստանին, աշխարհին էր հառել գեղեցկուհին:
Աչքերը մեծ էին, սև, թարթիչները զարմանքից կպել էին հոնքերին` ավելի ընդգծելով մինչև սիրտը ստեղծողի թախծոտ բնությամբ լեցուն աչքերի անհատակ խորությունը:
Վահրամը խենթացած նայում էր, չէր մտածում:
Քարացած տեսածից` սարսուռը քիչ-քիչ բարձրանում-տարածվում էր մարմնով մեկ: Ինչ-որ գերբնական մի ուժ իրեն վերցրեց իր մեջ ու տարավ: Էլ չկար երկիր, չկար գոյ ու գոյություն: Միայն գեղեցկուհու աչքերն էին ` խոշոր, հակինթի նման սև, որոնք իրենց խորքն առան իրեն ու տարան…
Նույն տարօրինակ սարսուռը սաստկացավ ու մարմնով մեկ տարածված ջերմությունից Վահրամին թվաց, որ երկրին կապող իր ծնունդը լուծվեց ուժի մեջ ու մահացավ…
Նորից աչքերը` այս խոսուն, խոհուն աչքերը, որոնցից երբ մի պահ թեքում էր հայացքը ոչինչ չկար` ունայնություն էր…
Ու ցավը, ափսոսանքը հորդեց նրա երակներով, հորդեց կյանքի տեսքով` անխոս ու անբառ…
Սերը հենց այս է, որ կա, երբեք այսպես չէր սիրել կյանքը:
Կարծես այս աչքերը, հայացքը, ճանաչել է շատ վաղուց: Ճանաչել է, տեսել ոչ այստեղ, այս ամայի տափաստանի բարձունքին, այլ մի ուրիշ` անսահման ազատության մեջ…
Ու բարձունքին Վահրամը չէր կարողանում հայացքը կտրել նրանից…
…Հետո ականջին խուլ ձայներ հասան, ներքևից լսեց իր անունն ու մի պահ վերադարձավ դասավորված-դասակարգված երկիր, որտեղ ամեն ինչ մեռնում կամ սպանվում է անժամանակ:
Սպանվում է անգամ Սերը, Գեղեցկությունը, որի մեջ Աստծո սիրտն է բաբախում:
Վահրամը զգաց, որ բարձունքը իր կյանքի սիրո դամբարանը դարձավ, որ իր սերը, իր հույսը դեպի կյանք, դեպի անմահություն` ընդհատվեց, էլ չկա…
Բարձունք հասած ընկերները զարմացած նայում էին իրենց ֆիդայի ընկերոջը` աշխարհից վերացած մի հողածին, ով միակն էր մարդկության մեջ, որ տեսել էր նախ Աստծո գեղեցկության վեհությունը տիեզերքում, ապա նույնը գտել էր այստեղ` երկրի վրա` հեռավոր տափաստանի մոռացված մի բարձունքին:
Գտել էր սպանված, տառապած, կոխկրտված` արնոտած հողից մի բուռ չանգռած իր նուրբ մատներով…
…Եվ փռվելով հողին Վահրամը լաց եղավ…
Հրապարակող` LevonShahnur, Բաժին` Ժամանակակից արձակ, 45 օր առաջ