Նորից փորձում եմ եզրերը գտնել


Այն ճշմարիտի ու բարության մեջ,


Որ զոհ է դարձել


Այժմեական տարուբերումին…


Հին ընկերներիս թաղեցի մեկ-մեկ,


Ոմանց նույն փոսում, ոմանց` առանձին,


Ոմանց` արցունքով, ոմանց` լուռումունջ,


Իսկ որոշներին` նույնիսկ անթաքույց անտարբերությամբ…


Բացօթյա մետրոն տանում է մի վայր,


Որտեղի օդը լի է բուրմունքով


Գաջի, մազութի ու շոկոլադի.


Բաղձալի կոկտեյլ…


Իմ բանուկ ճամփան


Աամեն առավոտ բացում է իմ դեմ


Գործարանային մի բնապատկեր,


Ու ամեն անգամ ես չեմ զլանում


Այդ գորշության մեջ մի գույն զետեղել`


Հուսառատ մի գույն,


Լուսաշող պատկեր…


Ճամփիս կա մի շուն`


Մի անտեր, անտուն, անականջ հսկա,


Պարապ ժամանակ, երբ չի ալարում


Հաչում է վրաս…


Այ խեղճ արարած, եթե չալարեմ`


Գուցե և մի օր


Ես հաչեմ վրադ…


Ցավում եմ միայն,


Որ զգացումի մեջ,


Զգացումի տեղակ կիրք է մնացել`


Տաք ու վարարուն,


Կրճատ ու պատեհ,


Որ կարոտի մեջ,


Կարոտի խորքում երգ է մնացել,


Հոգևոր մի երգ,


Որ անավարտ է,


Որ հավատի մեջ


Սերտած աղոթք է`


Որ բառը հույս է,


Որ վաղը լույս է,


Որ մայրամուտը ախտակորույս է…