<Աստուած,  ողորմիր մեզ եվ օրհնիր,  ցույց տուր երեսդ  եվ  գթա մեզ,  որպեսզի երկրի  վրայ  ճանաչեն  ճանապարհը  քո,  եվ  բոլոր  ազգերի մեջ` փրկությունը  քո>  Սաղմոս 66


-Բալես, թող Աստված ոսկե սարեր շուռ տա գլխիդ…


Բաղամը , տեսնելով տարեց կնոջ բեռը տեղափոխելու մեծ ճիգերն ու պարզ հայացքը անտարբեր անցնող մարդկանց կողմը, որոշեց օգնել…


Օգնեց ամաչելով .պառավը գյուղական շորերով ու ծանրոցներով.  քաղաքի շքեղության մեջ`մանավանդ այս քաղաքում` այս շքեղ փայլի տակ… Նման ռիսկ դա արդեն որպես ավելորդություն էր նայվում և մարդիկ, մարդիկ~ ու էլի մարդիիիկ, որոնց աչքերի հրճվանքը շանթահարվում էր սատանու բարեպաշտ պոչով:


Բաղամի սիրտը նվաղեց…Փողոցն անցկացրեց ծերանալով.  բոլորը նայում էին իրեն ու իր կողքով սարաքայլ ընթացող բրդե շորերով կնոջը: Ու ինքը գլխիկոր առաջ էր գնում:


Վերջապես փողոցն անցավ կարմրատակ գլխով ու լուռ գետնին դրեց կապոցները:


Պառավը հասնելով  տեղ` նրա գլուխը գրկեց ու համբուրելով ասաց.


-Ապրես տղա ջան, մի ամաչի` Աստված օգնական կլինի քեզ…


Բաղամը սկսեց շորերը թափ  տալ` որոնց վրա ոչինչ չկար, բացի օրհնությունից…


Բաղամի միտքը  պարզվեց սրտանց ասված խոսքից ,ճակատին զգաց Աստվածահաճո մեռոնահամբույրն ու ծնվեց նորից…Սիրտը տաք հոսանքից թարմացավ, հոգին լույսով ողողված քայլեց առաջ` մի տեսակ կտրված ու վերացած:


Մտավ մոտակա սրճարանը, գարեջուր խմեց…


Տարիներն անցան ու  Բաղամի հաջողությունների  էշը խրտնեց…


Ժամանակի հետ, երբ Բաղամը փողի քչփչոցով սերտել էր անխիղճ լինելու  բանաձևը ու նստած   իր սեփական` ամբողջ երկրով մեկ հայտնի հացի արտադրության աշխատասենյակում` դուռը թակեց ու ներս մտավ աշխատողներից մեկը.


-Շեֆ ջան, էն պառավն ա էկել, արդեն երրորդ անգամն ենք լարում,էլի էկել ու մի ժամ ա օրհնում, հաց ա խնդրում:


Բաղամը օրվա մեջ մի քանի անգամ  կրկնած ֆրազն ասելով`


-Արա, ես ինչի տեր եմ, որ դրանց էլ հաց տամ. -դուրս վազեց:


Պառավը ձեռքերն իրար միացրած, կանգնել էր դարսած հացի կողքին:


Գոռգոռոցով մոտեցավ Բաղամը.


-Հաց չկա, դավայ, արա, սիկտիր ու էլ բառ չլսեմ` ձեզ լավ գիտեմ:


Պառավը լուռ նայեց Բաղամին ու ասաց, որ մարդկանց չլսելն ամենամեծ մեղքերից է.


-Տղա ջան, Աստծո շնորհները տրվում, բայց միշտ փորձվում են` մեկից գալիս մյուսով գնում կամ ինչ  իմանաս` գուցե նաև ամրապնդվում են:


Այս ասելով պառավն արագ-արագ դուրս գնաց`թողնելով Բաղամին մի քիչ փշաքաղված:


Բաղամը լուռ շարժվեց դեպի իր սենյակն ու նստելով` պահոցից գարեջուր բացեց ու խմեց:


Տարիներն անցան ու Բաղամի էշը ճանապարհը փոխեց…


Բաղամը շիշ էր հավաքում փողոցներից` դարձել էր իմաստուն ու կարողանում էր դատարկված օղու միջի փայլող կենացները տարբերել սրտանց ասված օրհնություններից…


Երբ մի օր Բաղամի քեֆը  լաավ-լավ~ էր` նա ոտքի կանգնեց ու իր անտես սեղանակիցներին ասաց.


-Աստծո գործերն անքննելի են, ես թքել եմ այն մեծահարուստների վրա, որոնք <առհամարում>  են չնչին,  պատահական օգնությունն  ու արհեստական օրհնությունների պատրանք են  ստեղծում իրենց համար` դրանք սատանու  բաժինն են լրացնում…Երբ ինքդ քեզ համար աղոթում ես` դա տարածված ու բնական ա, իսկ երբ քեզ օրհնում ու քո համար աղոթում ա մեկ ուրիշը` դա արդեն տիեզերականն է` Աստծո բաժինը:  Ես հավատում եմ օրհնությանը ու ամեն օր, ամեն վարկյան փնտրում եմ դա, բայց էլ չեմ գտնում…


Եվ բոլորը խմեցին ու տարիներն անցան…


Բաղամի էշը քացի տվեց ու սկսեց խոսել.


-Իդեալական ոչինչ չկա քո  խոսքերում: Ինչից  որ ամաչում ես` ուրեմն եկել  է պահը աստեղային ու դա է քո բաժինը ` լինի  հարբած մի ծերունի,  որին անցնողները թաղեմ տերդ  են ասում կամ թե քոսոտ ու մուրացիկ մի պառավի, որի կողքով քիթը փակ ու փնթփնթալով են անցնում…


<Աստուած բացեց Բաղաամի աչքերը, եվ նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրայ: Նա երեսնիվայր ընկնելով` երկրպագեց: Աստծո հրեշտակն ասաց նրան.


-Ինչու?  երրորդ անգամ հարուածեցիր քո էշին: Ես ահա, քեզ խանգարելու եմ, որովհետև դու ուղիղ ճանապարհի վրայ կանգնած չես: Էշդ ինձ տեսավ ու երրորդ անգամ լինելով մի կողմ քաշվեց, եվ եթե ինձնից չխուսափեր, հիմա ես քեզ սպանած կը լինեի, իսկ դրան կը թողնեի կենդանի:


Բաղամն ասաց Տիրոջ հրեշտակին.


-Մեղք եմ գործել, որովհետև չգիտեի, թե դու էիր ՃԱՆԱՊԱՐՀՍ ՓԱԿՈՂԸ:  Արդ,եթե քեզ ցանկալի չէ գնալս. Կը վերադառնամ:


Աստծո հրեշտակն ասաց Բաղամին.


-Գնա այս մարդկանց հետ, բայց զգույշ եղիր եվ խոսիր այն, ինչ ասելու եմ քեզ:


Բաղամը գնաց Բաղակի իշխանների հետ>:      Հին Կտակարան  ԹՈՒԵՐ 22,23.


Ու Բաղամը հատ-հատ լսեց հաց մուրացող պառավի խոսքերը.


- Աստծո շնորհները տրվում, բայց միշտ փորձվում են` մեկից գալիս մյուսով գնում կամ ինչ  իմանաս…


Զղջում.  Բաղամը տխուր ու լքված `պառկած փողոցում սպասում էր մահվան ու երազում գեթ վերջին անգամ  Աստծո օրհնությամբ ճանապարհ ընկներ  դեպի  անհայտություն:


Հանկարծ գլխին ընկավ մի շշմած ծիտ: Բաղամը վերցնելով տագնապած ու մրսած կենդանուն տնտղելով` հիշեց իր փուչ ու քոռ կյանքն ու ծոցը դնելով թռչունին խորը քուն մտան…