Կարոտը խեղդում էր: Չէ, այսպես շարունակել այլևս անհնար է: Ալեքսը փակեց աչքերը: Յոթ ամիս էր անցել իր և Լունայի բաժանման պահից: Լունան իրեն լքել էր` նախընտրելով բաց կապույտ երկինքը: Նրան ազատություն էր պետք, իսկ հողը չափազանց կոպիտ էր նրա երկնային ոտքերն իր մակերեսին զգալու հաճույքը վայելելու համար: Ինքը չկարողացավ նրան տալ այն, ինչին արժանի էր…Լունան հրեշտակ էր, իսկ հրեշտակներն ապրում են երկնքում: Ալեքսը հառաչեց…Բաժանումից հետո առաջացած այս անքակտելի, մեղավոր կապը կործանում էր երիտասարդ տղայի կյանքը. քանի անգամ է կանգնել անդունդի շեմին` հասկանալով, որ ինքն է ընտրել այս ճանապարհը, որ թույլ է ետ վերադառնալու համար…Մեղադրում էր ինքն իրեն դավաճանության մեջ ու կրկին վերադառնում  նրա մոտ…Օրվա մի քանի ժամերին ՆԱ միակ փրկությունն էր թվում, միակ ելքը, քանզի արթնացնում էր հիշողություններ, որոնց հետ Ալեքսն իրեն ավելի մոտ էր զգում Լունային: Այդ ժամանակ նա իրեն զգում էր ուժեղ  և պատրաստ էր քայլելով գնալ նրա մոտ, երկինք…Բայց ՆԱ նաև խանդոտ էր…Ստիպում էր ամեն ցավի ժամանակ իրեն հիշել, ապրել միմիայն իրենով: Հեռացրեց բոլորից, ընկերներից, հարազատներից…Ախ, ՆԱ…Ալեքսն օր օրի համոզվում էր, որ այս կապը նրան կործանման է տանում, բայց դեռ ուշ չէ սթափվել…միևնույն է, Լունան ետ չի գա…
Վստահ լինելով իր որոշման մեջ, Ալեքսը գնաց հանդիպման…նորից…Գրկել էր ՆՐԱՆ ու զգում էր այն ջերմությունը, որը հուշերի միջից օգնում էր Լունային տեսնել, զգալ նրա շունչը…Հետո էլի, ինչպես միշտ…Բայց Ալեքսն անդրդվելի էր…Նա որոշել էր փոխել կյանքը, փոխել իրեն…Իսկ դա կարող էր միայն ՆՐԱՆ հրաժեշտ տալուց հետո միայն…ՆՐԱՆ` ալկոհոլին…
Ապակին այրում էր մատները…Վերջին անգամ նայելով օղու շշին, Ալեքսն այն հարվածեց գետնին…Հազարավոր բյուրեղիկներից ամեն մեկում Լունան ժպտաց նրան…
«Վերջ, Լունա, սիրելիս…Ես ապրելու եմ  քեզ համար, քեզ հետ…»

Այդ գիշեր չոր և կոպիտ հողը զրկվեց ևս մի զույգ ոտնահետքերից…Ալեքսը գնաց դեպի երկինք, Լունայի մոտ…