ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Ու մի օր նա գնաց… Հավաքեց իրերը, վերջին անգամ ստուգեց պատուհանները, ջրի ծորակը, նայեց ծեր ժամացույցին և մի հայացք նետելով հայելուն` հեռացավ…Ինչը փոխվեց…Անհետացան բազկաթոռի եզրերին հավերժացած փոշու մակերեսին ամենօրյա թարմացվող մատնահետքերը, օդում լռեց շնչառության մեղեդին. պարոն լռությունն իր հաղթանակն էր տոնում… Հոգնած դռները թեթևացած շունչ քաշեցին` ազատվելով ավել անգամ բացվել-փակվելու ծանր և հոգնեցուցիչ պարտականությունից:
Ու նա գնաց… Գնաց` չհասկանալով, որ էլ երբեք արևի շողերն առաջվա պես չեն կարող ջերմացնել: Հայելու արտացոլանքը մնաց անտեր, դռները` կիսաբաց, պատուհանները` անձրևի կաթիլներից կեղտոտված:
Դանդաղ էր գնում, մտածելով… Ծանր ճամպրուկը կախվել էր թևից: Մտքում նորից ու նորից հիշողությունն ու ապրումները մրցման մեջ էին մտել. ով կհաղթի…
Վերջին անգամ ետ նայեց: Իսկ գուցե…Ոչ, ոչ…Չի կարող, կամ…չի ուզում…Միթե…
Հանկարծ տենդագին սկսեց գրպաններում ինչ-որ բան փնտրել: Այտերն այրվում էին, գլխում խառնաշփոթ էր և զարհուրելի աղմուկ: Չգտավ…Մի կողմ նետեց ճամպրուկն ու ետ վազեց: Արագությունից ճամփան մեխանիկական «վազքուղի» էր հիշեցնում:
Ձեռքերը դողում էին: Վերջապես կարողացավ. այդ անիծյալ բանալին հայտնվեց իր տեղում: Ահա, հիմա, հենց հիմա կբացի, ու… Լսողությունը լարված սպասում էր երանելի չխկոցին…
Դուռը փակ էր:
Դուռը ՓԱԿ էր:
…………………
ԴՈՒՌԸ ՓԱԿ ԷՐ:
Ներսում ամեն ինչ նույնն էր:Բազկաթոռների եզրերին նույն փոշին էր` առանց մատնահետքերի, ձայներ չկային, ամեն ինչ նույնն էր, բայց` հակառակ կողմից…
Եվ մի օր մեկ ուրիշը կբացի դուռը, կմաքրի եզրերին բազմած փոշին և կլցնի օդը ջերմությամբ:
Ու մի օր նա գնաց…Առանց վերադառնալու իրավունքի…
Հրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից արձակ, 57 օր առաջ