ՊԱՏԱՌՈՏՎԱԾ ԽՈՍՔ... ԱՆՀԱՂՈՐԴ ՀՈւՅԶԵՐ...
Մենակ եմ, մայրիկ:
Հոգնել եմ, կարծես:
Տխուր է: Չգիտեմ, ինչո՞ւ է այսպես:
Պատառոտված խո՞սք, անհաղորդ հույզե՞ր:
Միտքս ննջում է քնատ օրվա պես:
Կարծես ձգվել է խուլ հորիզոնում
Անհասկանալի, ծանր տխրություն:
Ծրարված կյանքի անորոշներում
Արձագանքներ են ու դատարկություն:
Հոգնել եմ, մայրիկ,
Ու չեմ հասկանում ես արդեն ոչինչ`
Ի՞նչն է կարևոր և ի՞նչը անմիտ ու անիմաստ ճիչ:
Ի՞նչն է տանջելու ժամանակների խաղում բովվելով,
Եվ ի՞նչն է տանջվում անմիտ լռելով ու սպասելով:
Կյանքը հղի է հանկարծակիի կուտակումներով:
Չգիտեմ ինչու, հավատը գնաց, բայց հույսը դեռ կա`
Անծանոթ մի ստվեր, հազարաբերան դատարկությունով:
Հոգիս չի հուշում`
Ի՞նչն է անորոշ և ինչը` առկա:
Հիմա չգիտեմ` ինչն է ետ քաշում, և ինչը առաջ,
Բազմանշանակ ժամանակներն եմ գործիքավորում:
Հավատն եմ փնտրում, որ սրտի կանչին գնաց ընդառաջ...
Դատարկության մեջ արձագանքներն եմ ես կարգավորում:
Մենակ եմ, մայրիկ:
Հոգնել եմ, կարծես:
Տխուր է: Չգիտեմ, ինչո՞ւ է այսպես:
Հոգնած երգերիս կարոտ եմ հյուսում
Եվ տրտում սպասում `
Շատ խոնարհ ու հեզ:
© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
Հրապարակող` Հրաչուհի, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 159 օր առաջ