ԵԹԵ ԾԽԱԽՈՏԸ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՐ
Եթե ծխախոտդ խոսել իմանար…Գիտե՞ս նա ինչեր կասեր քո մասին… Կպատմեր ինչպես ես ամեն անգամ դաժանորեն տրորում իրեն մատներիդ մեջ, մինչ շրթունքներիդ մոտեցնելը: Թե ինչպես է ատում այն փոքր, լողավազանի տեսք ունեցող տարածքը, որն իր շատ ընկերների համար գերեզման է դարձել: Անշուշտ, ծխախոտդ ատում է քեզ ու ջանալով վրեժ լուծել` դեպի քեզ է ուղարկում իր մեջ կուտակված չար, բացասական էներգիան, ու թեկուզ ծխալով իր մահը` չարախնդում քեզ վրա: Եթե ծխախոտդ խոսել իմանար, ապա նաև ինձ կհայհոյեր: Շատ անգամ հենց իմ պատճառով ես իրար ետևից «լողավազան» ուղարկում նրանց` բարեկազմ, երկարաձիգ իրան ունեցող գլանակներին: Բարկացած, հուսահատված ճմրթում ես դեռևս ապրելու հնարավորություն ունեցող ծխախոտները: Նրանց սպանելուց հետո դու ավելի թեթև ես շնչում, ավելի ազատ…Այնքան հեշտ է գնել ու սպանել, գնել ու սպանել…Կոտրել, կիսել, քանդել, ոչնչացնել…Ու զգալ քեզ հերոս, ամենակարող, ուժեղ… Բայց և այնքան գեղեցիկ է մեռնում նա` դանդաղ, վեհ, ու ծուխը երջանկության պես գալարվում է վերև. նույնքան կարճատև, նույնքան հագեցնող և ինչպես ամեն իսկական երջանկություն` դառը հետևանքներով… Տեսե՞լ ես, ինչպես է մոխիրը փշրվելով թափվում ցած. ծխախոտը լալիս է… Մտածիր, չէ՞-որ նա է քո անբաժան ընկերը տխրության պահին, այն ժամանակ, երբ ողջ աշխարհը լքել է քեզ, նա կողքիդ է…Եվ, այնուամենայնիվ, նա վատ ընկեր է, որն ամեն պահի կարող է հարվածել թիկունքից, նման վանդակի մեջ ապրող գազանի, որին այլ ելքի հնարավորություն աշխարհը չի տվել…ընդամենը մի քանի գրամ, մի քանի սանտիմետր, որոնց դերն այդպիսին է. կարևորությունը նկատվում է միայն պիեսի վերջում: Հետաքրքիր է, երբ համրը սկսում է խոսել ամենաանսպասելի պահին..երբ ամռանը հանկարծ ձյուն է գալիս… Մի զարմացիր, դա հնարավոր է, քանզի ապրելու իրավունք ունի ամեն ոք և ամեն ինչ: Երբեք պետք չէ անտեսել անգամ լուցկու հատիկը. ամենամեծ հրդեհը սկսվում է նրանից: Եթե ծխախոտը խոսել իմանար, կպատմեր, թե ինչ է զգում, իմանալով, որ ծնվել է մեռնելու համար: Փարատել մարդկանց ցավերը, ի պատասխան` ոչնչացվելով: Եվ, ամեն դեպքում, ես սիրում եմ քո հանցագործ մատները, որոնք դահիճ են նրա համար…Սիրում եմ օդում երջանկություն պատկերող ծխի թռիչքը` մահվանից առաջ… Այո, փաստորեն ես սիրում եմ նրա ՄԱՀԸ` քո օգնությամբ…
Հ.Գ. Ինչ լավ է, որ ես չեմ ծխում…
Հրապարակող` AngelDayan, Բաժին` Ժամանակակից արձակ, 228 օր առաջ