Թափոր սևազգեստ խուլ ու համրերի,
Նեռին խոնարհվող ծոռներ Կայենի,
Հուդաներով լի անկատար աշխարհ,
Ու այր մի Բարաբբա, զերծ պատրանքներից
Կոկորդ է պատռում. –
Ադամներն ու Եվաները ինձ հետ կապ չունեն,
Թող նրանք իրենց խնձորը ուտեն…
Ցոփացած բարքե՜ր, աշխարհի տերե՜ր,
Ճոխության սրահ դարձրած տաճարնե՜ր,
Մեղքերդ քավող` մեղքերի տոպրակ
Խոստովանահա՜յր, խորանում բազմած,
Որն իր աղոթքում, հղած առ Աստված,
Խո՜րը պահ տված
Կաշառքի մուրհակ ունի թաքցրած…
Ադամներն ու Եվաները ինձ հետ կապ չունեն,
Ոչ էլ` նավաշինարար Նոյն է իմ նախնին,
Ո՞վ, ու՞ր, որտեղի՞ց… ինձ չի զբաղեցնում,
Հիսուսին խաչող ամբոխինն է դա…
Ինձ խաչի վրա մեխով չեն գամել,
Բայց մեխերն ասես իմ միտքն են խրել
Ու ես` պարզապես խելառ եմ դարձել :