Ես դեռ չեմ ուզում
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...
Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:
Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալանը միայն դու՜ լինես:
Թող ազատվելու կամքդ չքանա...
Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:
Իսկ դու՞...
-Դու չե՜ս հավատում իմ հեքիաթներին:
Միևնու՛յնն է.
Դուռը չփակե՜ս, ես դեռ պատրաստ չեմ
Շուրթերս հպել ծերացող աշնան
Պաղ զարկերակին:
2011
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 240 օր առաջ