ՄՏՈՐՈւՄՆԵՐ
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
ՄՏՈՐՈւՄՆԵՐ
Ուշանում են հարյուրները` տասնյակներին ճամփա տալով,
Տասնյակներն էլ ձգձգվում են միավորներ գումարելով…
Հալվող վայրկյաններ րոպեների մեջ,
Հալվող ժամանակ հավերժությունում,
Անվերջ պտտվող անսահմանություն…
Զառանցանքի է կյանքը վերածվում:
Որտեղի՞ց, արդյոք, ամեն առավոտ
Գալիս նոր օրը, և ո՞ւր է գնում,
Ո՞ւր է նա տանում ապրած հույզերը
Եվ ինչո՞ւ հույսը նոր ուժով սնում:
Եվ...
Մերթ լռություն` հոգեկանչ դարձած,
Մերթ էլ դառնություն` ցավ ամայացած:
Լռության պոռթկումը լոկ մի հառաչանք,
Ունայնությունը` անանուն տանջանք:
Ու եթե փորձել լսել մտքերը
Որոշված ժամին հեռացող օրվա,
Մեզ կխլացնեն անմիտ ճիչերը,
Կամ լռությունը սրաթափանցյա:
Օդը կդողա նախազգացումից,
Որ կա՜ բաժանում մինչ հանդիպումը,
Ու կխենթանա իր ծանրությունից…
Նա չհասկացավ կյանքի շարժումը:
Ստվերը լույսի շարունակություն,
Լույսն էլ ստվերի վառ թողած խոր հետք,
Կյանքը` դադարի անդադար շարժում,
Իսկ մահը` նրա մոլորաքայլ հևք:
Մտքի կածաններ` մոլորված շնչում
Հարազատ դարձած մի ուրվագծի,
Տարիներն, ձգված բնության բեմում
Պատմում են գաղտնիքն իրենց օրորի….
- Մարդը` ծառ, որից ջութակ են սարքում:
Ջութակ, որից նո՜ւրբ թախիծ է կաթում,
Կամ էլ փոթորկվող, երջանիկ հոգին
Աննշմար կյանքի կեղևն է ճեղքում:
Եվ...
Նորի՞ց ծնունդ...
Ծառի՞ նմանվել:
Միմիայն երկինք ձգվելո՜ւ համար:
Ազատախոհել ու սրբագրվել
Կորած իմաստը գտնելու համար:
Կյանքը` ծանրաշուք, ուղղորդված ճամփա,
Որ, կարծես, հասցե ու անուն չունի,
Հուշերի կարգն է հաղորդում անխախտ,
Եվ հատկությունը` վերադարձումի:
Արտացոլանքում երկնի լճակի,
Ուր քարացրել է մի ամբողջ աշխարհ,
Արձագանքներն են անվերջ հարցերի,
Եվ անորոշներ`
Անտակ ու անծայր::
Բազմաբովանդակ ու բազմաբնույթ
Ժամանակների ճնշող հարցերում
Միշտ կա խլացնող կամ
Խո՜ւլ պատասխան…
© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
Հրապարակող` Հրաչուհի, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 255 օր առաջ