Ինտերնետի
Ուղեղը լափող,
Ժամեժամ աճող գայթակղությունների,
Ու կինոների
3Դ դարում,
Երբ թվում է,թե
Սավառնում ես՝ հրեշներին հեծած,
Եւ այլաշխարհային ճիվաղների դեմ,
Հերոսի տեղակ,
Ամենակարող սուրդ ես ճոճում,
Իսկ երաժշտության ալիքները խոլ
Քեզ խորտակում են,
Կամ հիշողության ամպում թաթախում,
Լուրերն ամեն օր
Վաղվա կործանման
Գույժն են տարփողում,
Պայծառատեսներն ու
Մեքենաները
Հաշվել են հաստատ
Երկնաքարի հետ ժամը հանդիպման,
Վազքի սանձարձակ, խելահեղ պահին-

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Նիրհող բառերից տողեր են կցում,
Ու դեռ փորձում են
Բառերի խղճուկ օղապարանով
Հոգիներ որսալ...