Առավոտ... Կարոտ...
Առավոտ... Կարոտ... Համրաքայլ, հուշիկ
Մոտենում է ինձ կարոտդ լուսե,
Եվ քո արծաթե երգը անուշիկ
Նո'ր եզերքներ է սրտումս հյուսել:
Նորոգ արթնացման բերկրանքի համար
Լռակյաց հոգիս պարտական է քեզ.
Պարզել ես արդեն նո'ր երկնակամար
Քո բոսոր շնչի տարփանքով հրկեզ:
Նոր այգաբացի շնչով թափանցիկ
Լցրե՜լ ես տափակ իմ պարագիծը,
Եվ քո ժպի՜տն եմ սիրում տարանցիկ,
Որ լազուր ներկեց իմ գորշ թախիծը...
Առավոտ... Կարոտ... Սերս ապրեշում,
Կարոտս գրկած, տրվել է վալսի՜...
Քո սիրո նրբին մեղեդին հիշում,
Արբու՜մ է լուսով այս նոր երազի...
Հրապարակող` sakoqeri, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 297 օր առաջ