Արևելյան
ցոփ ռիթմերով լեցուն
օրվա սկավառակն,
ահա,
սկսեց անվերջ կտկտալ.
Սուդանից եկած
դերվիշներն իրենց
նախիսլամական ուղտերի
վերջին քարավաններով
արևն են տանում…կառափնատեղի…

Ու գիտակցելով բախտը վերջինիս`
փորձում եմ ժողվել մտքերս շվար,
թե ինչպե՞ս պիտի թաքցնեմ
քայլերն իմ քրիստոնյա,
մինչև կհասնեմ
մուսուլմանական սիրտն այս քաղաքի…

…Թե ինչպե՞ս պիտի թաքցնեմ
ստվերն իմ քրիստոնյա`
մուսուլմանական խավարի ներքո
հետերեկոյան ՙՀայր մեր՚-ը շնչող
աչքեր փնտրելիս:

Հանկարծ դեմի մայթից`
Իմ տենչերին ի տես,
ծածուկ-ծածուկ
իր չադրան է թափահարում
ֆրանսերեն խաչակնքող
արաբական մի ձայն…