Վերադարձ
Պիղծ աստղերի բույլն ահագին
Դղրդալով փուլ եկավ,-
-Դու կսատկես աստծո տակին
Էն աշխարհը թե ընկար….
Ժ. Է. Ա. Ր
Տես', ժպտում է հիմա քեզ շիկահերն այս վավաշոտ,
Աչքերով իր տարփալից նա տրվում է արդեն քեզ.
Ակնարկում է հիմա նա, սեթևեթում աներես,
Նույնիսկ կուրծքն է արձակել և «ուր որ կտա քեզ»:
Իսկ մյուսը նրան կից, գուցե և քույրը նրա,
Տես', ինչպես է տոչորվում, նույնիսկ շունչն է պահել.
Կոտրատվում է անճոռնի և մեջքով է կանգնում քեզ`
Ի ցույց մեջքը իր բարակ և հետույքը բարետես:
Տես', թե ինչպես են նվվում` այլանդակ ու նոխկալի,
Ճերմակ ազդրերն են հառնում գրգռաճեղքից խոցելի,
Որովայններն են ցնցվում պորտապարից գարշելի-
Սիրաճոճք են խոստանում խենթ, խելառ ու վայրենի:
Նայիր', ինչպես են հպվում` ցանկությունով մի անհագ,
Եվ ուր որ է կտեղա համբույրների մի տարափ.
Ու կլիզեն, կպղծեն քո հեգ մարմինը քարոտ,
Կատուներն այս հեշտասեր, կատուները այս կրքոտ…
Եվ հաշվում ես դու նրանց անտակտ զարկերը սրտի,
Տնքոցներն աններդաշնակ, հանց կռնչյունը գորտի.
Սև թմբիրից հաշիշի` բթացած ու խելագար,
Շամիրամներն այս անես, կհոշոտեն հիմա քեզ…
Հանկարծ հառնում է քո մեջ այն նայիրուհին սևաչյա,
Խոնարհությամբ իր խորին, համեստությամբ իր լռին,
Եվ անբիծ ու միամիտ` հանց արցունքները մանկան….
……..Ու սիրտդ կուչ է գալիս` գզվռտոցում մեղքերի:
Ա'րդ, հիշում ես դու նրա ձայն ծորուն, արծաթե,
Եվ մեղեդին նրա հին, հոգեթով ու ակաթե.
…Ու հավաքում ես մաս-մաս, քո հեգ մարմինը քարոտ,
Եվ փախչյում ես, հեռանում կատուներից այս կրքոտ………..
Հրապարակող` Abo, Բաժին` Ժամանակակից պոեզիա, 280 օր առաջ