ՍՊԱՍԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈւԹՅԱՆ ԿԱՄ ԲԱԽՄԱՆ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻՆ
Մարդկության ապագայի վերաբերյալ կանխատեսումներն ունեն մի քանի սցենարային լուծումներ: Աշխարհը կանգնած է որակապես նոր սոցիալ–քաղաքական փոփոխությունների առջև, որոնց պայմաններում կարող է ստեղծվել համաշխարհային միաբևեռ տոտալիտար գերիշխանություն, իսկ մեկ այլ մոտեցման համաձայն՝ աշխարհի ներկա սոցիալ-քաղաքական, մշակութային և քաղաքակրթական բազմազանության պայմաններում ապագայի միակենտրոն կառավարման համակարգի առաջացման վերաբերյալ վարկածը ֆանտաստիկայի ժանրից է:
Իսկ ֆուտուրիստների կողմից կատարված կանխատեսումները, որպես կանոն, կարճ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց կենսունակությունը:
Մարդկության պատմության զարգացման ժամանակակից փուլում մշակութային տրանսֆորմացիաների խնդիրը ձեռք է բերել աննախադեպ արդիականություն, և այս համատեքստում հասարակագետների շրջանում գնալով հրատապ է դառնում նույն այդ պատմության գնահատման գործում, այսպես կոչված, «քաղաքակրթական մոտեցման» մեթոդաբանության կիրառումը: Այս մոտեցման մանրակրկիտ մշակման նպատակը շատերի համար ունի մի շատ կարևոր նպատակ, այն է` քաղաքակրթությունների և մշակույթների երկխոսության և համամարդկային արժեհամակարգերի համար ստեղծել նպաստավոր դաշտ: Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարդկությանն ինքնաոչնչացման տանող քաղաքակրթությունների բախման ահագնացող վտանգները հասարակությունների վերնախավերին երկխոսության ռազմավարության և մեխանիզմների որոշակի մոդել են ստիպում մշակել` երկխոսության յուրահատուկ ձևաչափ, որը պետք է լինի այնքան ունիվերսալ, որ իր մեջ արտացոլի բոլորի շահերն ու իրավունքները կամ դառնա անփոխարինելի պլաստ՝ տարբեր աշխարհայացքների ներդաշնակեցման համար:
Տեսաբանների մի զգալի մասը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն իր հիմքերում ունի որոշակի հոգևոր նախահիմք, մեծ գաղափար, սրբացված արժեք կամ առաջնային խորհրդանիշ, որի շուրջ զարգացման հետևանքով ձևավորվում է բարդ հոգևոր համակարգ: Նույն այդ տեսաբանները, որոնք ներկայացնում են պատմական դպրոցը, մերժելով պատմական զարգացումների գծային զարգացման մոդելը, քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլը համարում են ճգնաժամային` ներկա շրջանը համարելով գիտատեխնիկական մշակույթի վախճան: Նրանք, ըստ էության, պաշտպանում են զարգացման ցիկլային և ռիթմային տիպօրինակները: Այս տեսանկյունից քաղաքակրթությունների երկխոսության հեռանկարը հօդս է ցնդում, իսկ հակամարտությունների վարկածը դառնում առավել կենսունակ: Եվ չնայած այն հանգամանքին, որ տնտեսության զարգացումը և գիտության ու տեխնիկայի առաջընթացը որոշիչ գործոններ են հասարակության առաջխաղացման համար, միևնույն է, տնտեսական և տեխնոլոգիական ցուցանիշների մակարդակը չի կարելի համարել եզակի քաղաքակրթական տարբերակիչ: Բանն այն է, որ որոշ երկրների տնտեսական զարգացման դինամիկան դիտարկելիս պարզ է դառնում, որ այդ երկրները շարունակում էին մնալ ինքնաբավ քաղաքակրթություններ, չնայած գտնվում էին այլ երկրների տնտեսական ազդեցությունների գոտում: Այսպես, օրինակ, Հնդկաստանը և Չինաստանը, պահպանելով իրենց քաղաքակրթական խառնվածքը, քաղաքատնտեսական զարգացման որոշակի փուլում գտնվում էին Արևմուտքի ազդեցության տակ:
Մեկ այլ հանգամանք էլ կա. մի շարք տեսաբանների կարծիքով՝ սոցիալ-քաղաքական ինստիտուտների առանձնահատկությունները ևս չեն կարող գլխավոր տարբերակիչ դառնալ, քանի որ քաղաքական համակարգը ենթակա է ցիկլային տատանումների:
Ի հակադրություն վերոհիշյալ գործոնների կարևորության բացառման` շատ դեպքերում առաջնային է համարվում քաղաքակրթական դիմապատկեր ձևակերպող սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությունը: Իսկ սոցիալ-մշակութային չափորոշչի կարևորագույն բաղկացուցիչը հոգևոր վերարտադրության գործառույթն է, որն իր մեջ է ընդգրկում գիտությունը, կրթությունը, էթիկան, մշակույթը և կրոնը: Ինչպես կարծում է այս խնդիրներով զբաղվող հայտնի տեսաբան Յ. Յակովցը, առաջին չորս ինստիտուտները երկրորդական նշանակություն ունեն և հարակից ուղեկցողի դերում են: Այս հարցում Յակովցը, թերևս, համակարծիք է քաղաքակրթությունների պրոբլեմատիկայով զբաղվող պատմափիլիսոփաներ Ն. Դանիլևսկու, Ա. Թոյնբիի, Օ. Շպենգլերի, Ս. Հանթինգտոնի հետ, որոնք քաղաքակրթական նույնականության ձևավորման գործում հատուկ ընդգծում են համաշխարհային կրոնների նշանակությունը: Սակայն այստեղ պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր փաստ. բանն այն է, որ առաջին սերնդի լոկալ քաղաքակրթությունները պատմական ասպարեզ են իջել համաշխարհային կրոնների առաջացումից հազարամյակներ առաջ: Այստեղ կարելի է ասել, որ կրոնական գործոնը կարող է աշխարհայացքային յուրահատուկ և կարևոր տարրեր հաղորդել քաղաքակրթական համակարգերին, սակայն ամբողջական դիմապատկեր ձևավորելու գործում ամենևին էլ չկատարի առաջատար գործոնի դեր: Եվ քանի որ հասարակագետների մի զգալի հատված հակված է կարծել, որ ժամանակակից հասարակությունը, ամբողջական և փոխկապակցված լինելով, գլոբալ խնդիրների լուծման ճանապարհին անընդհատ բախվում է մշակութային բազմազանության անհրաժեշտությանը, ուստի, օրինակ, ռուս տեսաբան Ա. Կոլեսնիկովի կարծիքով՝ նման պարագայում պարզ է դառնում, որ չնայած առանձին քաղաքակրթությունների (օրինակ` արևմտյան, իսլամական, չինական և այլն) խիստ ինքնատիպությանը` համաշխարհային քաղաքակրթության միասնության վերաբերյալ թեզը ճշմարտացի է թվում:
Մշակութաբանական կտրվածքով քաղաքակրթությունների բնութագրումը կատարվում է արժեքային համակարգերի պրիզմայով, որի մեկնակետերն են ընտանեկան դաստիարակությունը, դպրոցական կրթությունը, գրականությունը և արվեստը, զանգվածային լրատվամիջոցները: Ընդ որում, արժեքային համակարգը որոշիչ դեր է կատարում մարդկանց ներընտանեկան փոխհարաբերություններում, սոցիալ-քաղաքական, գիտատեխնիկական ոլորտում, ինչպես նաև միջպետական և միջքաղաքակրթական տիրույթներում: Այսպիսով՝ արժեքային համակարգը, լինելով սոցիալ-մշակութային աշխարհակարգի միջուկը, դառնում է ոչ միայն քաղաքակրթությունների տարբերակիչ չափորոշիչ, այլև վերածվում մշակութային գլոբալ երկխոսության կարևորագույն գործիքի: Սակայն ըստ որոշ գնահատականների՝ մարդկության զարգացման պոստինդուստրիալ և ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջխաղացման փուլում ակնհայտ է դարձել համամարդկային արժեհամակարգի խորը ճգնաժամի իրողությունը, ինչը կարող է պատճառ դառնալ գլոբալ աղետների և քաղաքակրթական բախումների համար: Ահա թե ինչու մեր օրերում գիտնականների շրջանում մեծ նշանակություն է տրվում մշակութային երկխոսության ոլորտի կարևորմանը, առաջնային է դառնում, այսպես կոչված, «մշակութային խտացումների» ներդրումը միջքաղաքակրթական երկխոսությունների ձևաչափի կատարելագործման գործում: Ահա, այս տեսանկյունից է, թերևս, կարևորվում կրոնի դերը, որը հոգևոր մշակույթի նշանակալից տարր է: Սակայն, մյուս կողմից, այս ոլորտը այնքան նուրբ է, որ հավատքային առանձնահատկությունները կարող են դառնալ ինչպես հրաշալի պլաստ բազմապրոֆիլ երկխոսության համար, այնպես էլ ունենալ հակառակ էֆեկտը, այն է` դառնալ թեժ հակամարտությունների պատճառ:
Ժամանակակից մշակութաբանության, ֆուտուրալոգիայի և քաղաքագիտության շրջանակներում շրջանառվող մոտեցումներից մեկի համաձայն՝ նկատվում է քաղաքակրթական տարածաչափության «ամրացում», ըստ այդմ, մի կողմից՝ աշխարհը պայմանականորեն բաժանվում է «աղքատ»` շահագործվող հարավի և «հարուստ»` շահագործող հյուսիսի, իսկ մյուս կողմից` ավանդականորեն էքստրավերտ Արևմուտք և ավանդականորեն ինտրավերտ, ինտուիտիվ Արևելք հակամարտող հատվածների: Աշխարհաքաղաքական նման չափորոշիչների հիման վրա քաղաքագետներից շատերը առանձնացնում են քաղաքակրթական հիմնական կենտրոնները կամ, քաղաքագետ Գ. Քիսինջերի բնորոշմամբ, «ուժային կենտրոնները»` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Ճապոնիա, երբեմն էլ` Հնդկաստան: Տարածված է նաև դասակարգման քաղաքակրթական – կրոնական մոդելը, որի համաձայն՝ աշխարհում ձևավորվել են քրիստոնեական, իսլամական, բուդդայական, կոնֆուցիադաոսական և այլ կրոնամշակութային քաղաքակրթություններ:
Ժամանակակից ուսումնասիրողների մեծ մասը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է այն տեսակետը, ըստ որի՝ պատմական զարգացման 4 շրջափուլերից հետո (հին, անտիկ, միջնադարյան և նոր աշխարհներ) մարդկությունը թևակոխել է նոր` հինգերորդ ժամանակշրջան, որը բնորոշվում է իբրև կատակլիզմների դարաշրջան: Այս տեսության համաձայն՝ երկու աշխարհամարտերից և գիտատեխնիկական ու սոցիալական հեղափոխությունից հետո մարդկությունը կանգնած է հոգեբանական հեղաշրջման նախաշեմին, որը կբերի, այսպես կոչված, «հոգեբանական քաղաքակրթության» առաջացման, կառաջանա սոցիալական յուրահատուկ գերօրգանիզմ, որը հիմնված կլինի սկզբունքորեն նոր՝ գլոբալ-տեխնոլոգիական մշակույթի արժեհամակարգի վրա: Այս գործընթացների գագաթնակետը, ըստ որոշ գնահատականների, կլինի ինտելեկտուալ – հոգևոր էվոլյուցիան, որի հետևանքով կձևավորվի որակապես նոր հասարակարգ` համաշխարհային քաղաքակրթություն, որտեղ գերիշխող կլինեն հոգևոր նախահիմքերը:
Քաղաքակրթությունների երկխոսության կամ հակամարտության պրոբլեմատիկայի համատեքստում թռուցիկ կերպով անդրադառնալով նաև Հայաստանին` ասենք հետևյալը. բանն այն է, որ երբեմն օտարերկրյա տեսաբանների կողմից Հայաստանը բնորոշվում է որպես քաղաքակրթական կողմնորոշում չունեցող երկիր. նրանք համարում են, որ մեր ազգը չունի այն անհրաժեշտ հատկանիշները, որոնք հաշվի առնելով՝ հնարավոր կլիներ մեզ որևէ քաղաքակրթական ընտանիքի անբաժանելի մասնիկը համարել: Երբեմն Հայաստանը քաղաքակրթությունների դասակարգման համակարգերում համապատասխան որակում է ստանում՝ ըստ մեր երկրի ունեցած աշխարհաքաղաքական չափորոշչի: Ի հակադրություն այս մոտեցման` մեզանում շատ հաճախ Հայաստանը և հայ ազգը համարվում են քաղաքակրթական յուրահատուկ տիպ: Օրինակ՝ «Նորավանք» գիտակրթական ֆոնդի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, վկայակոչելով Ա. Թոյնբիի տերմինաբանությունը, հայ ժողովրդին համարում է լոկալ քաղաքակրթություն, որին հատուկ են ինքնօրինակ հոգևոր – մշակութային արժեքներ (լեզու, մաշտոցյան գրեր, կրոն):
Ամեն դեպքում, Հայաստանը, լինելով գլոբալ քաղաքականության ակտիվ սուբյեկտ և ունենալով քաղաքակրթական յուրահատուկ դեմք, գտնվում է «քաղաքակրթական խաչմերուկներում», և դժվար է կանխատեսել, թե ինչ տեղ կունենա ֆուտուրիստների կողմից խոստացված ապագայի հոգևոր – ինտելեկտուալ աշխարհակարգում:
ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հրապարակախոսություն, 823 օր առաջ