Եվ Շամիրամն է Արային սիրել
Ու հոգին լցրել սիրո տրփանքով,-
Ուզել է տիրե՛լ վսեմ հայորդուն,
Ուզել է դյութե՜լ, կախարդե՜լ մեկեն:
Ասել է` արի՛, դարձիր իմ արքան,
Ու թագավորիր Ասորեստանում.-
Քո Հայաստանն էլ դու թագավորիր,
Միայն թե դարձիր սերն իմ` իմ երկրում:
Սիրո՜ւմ եմ ես քեզ, Արա, իմ անգին,
Աչքերիս լույսն էլ թող քեզ լո՜ւյս դառնան,
Միայն թե արի՛, տիրի՛ր իմ հոգուն,
Սիրի՛ր ինձ, Արա՜, սիրով քո հայկյան:
Տխրե՜լ է Արան…
Արդյոք սիրո՞ւմ է իրեն Շամիրամ:
Բայց ո՞վ կարող է կնոջ սիրտն զգալ,
Կամ թե` հասկանա՜լ.
Սիրո՞ւմ է արդյոք…
Սիրո՛ւմ է, այո՛,- լո՛կ կնոջ նման,
Եվ կնոջ նման` տրվե՜լ է ուզում:
- Գնա՞մ… բայց գնա՛մ` պատերազմելո՛ւ,
Սիրո ծարավ է իմ հոգին էլ խենթ,-
Ես իմ Նվարդին էլ չեմ տեսնելու.-
Գալի՛ս եմ, ասո՛ւր,- սուրն իմ` քեզ նվեր:
… Դաշտի մեջ հայոց զորքը` հրի մեջ`
Իր արքայի հետ կռվում է հուժկու.
- Արա՞ն… որտե՞ղ է,- գոչեց Շամիրամ,-
Եվ նետվեց առաջ` նրան տեսնելու:
- Ահա՛, բերո՜ւմ են,- ասաց մի զինվոր,-
Բերո՜ւմ են սիրած քո Գեղեցիկին…
Ընկե՜լ է Արան, սպանվե՜լ, ավա՜ղ…
Էլ չկա՜ Արան, մեռա՜վ քո արքան:
Ահեղ Շամիրամ, երբ տեսավ Արան,
Սաստիկ ցա՜վ զգաց իր հոգու խորքում,
Եվ հրամայեց զորքին` ե՛տ դառնալ,
Ու տանել իր հետ Արան դյուցազուն:
Եվ հարալեզներ կանչեց վերնատուն.
- Ե՛տ բերեք,- ասաց,- կենդանացրե՜ք…
Արան չի՛ մեռել… քնե՜լ է միայն…
Աչքե՜րն է փակել, որ ինձ չտեսնի՜…
Բա՜ց արեք շուտով աչքերը նրա
Եվ սիրտը դրեք իմ սրտի վրա:
Ինչպե՞ս ետ բերեն…
Մեռե՜լ էր Արան,
Մեռե՜լ էր սերն իր`
Իր հայոց արքա՜ն...
Նա՛, որ արքա՛ն էր և Շամիրամի,
Եվ արքա՛ն` հայոց
Հպա՜րտ լեռների՛…