Երկխոսության փորձ...ազգայնամոլության մթնշաղում
«Սա ի՞նչ է, թերաճած ամբոխի ցնո՞րք, թե՞գերաճած, բայց սմքած ու մեռնող ծերունու զառանցանք… Ովքե՞ր են կատարողները… Դժվարանում եմ ասել... »
ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԾԻՆ, ԲԱՅՑ ՍՐՏԱՌՈՒՉ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ ՄԹՆՇԱՂՈՒՄ Վահրամ Սահակյան
Մի՞թե պարզ չէ.Մենք ենք՝ազգովի'ն,բոլորս անխտի'ր,մի հսկա,քառաձայն երկսեռ երգչախմբի նման:Մեծ ու փոքրով:Իհարկե,մեներգիչները,որ հասարակության հայտնի դեմքերն են,իրենց կարողության կամ դիրքի ընձեռած հնարավորության շնորհիվ,ավելի ջերմեռանդ ու վարպետորեն են արտահայտում սերը «էքսկլյուզիվ» հայրենիքի ու հայ ժողովրդի հանդեպ:Նրանց վարքը դեռ մի կերպ բացատրվում է.Քաղաքական գործիչները ճամփա են հարթում դեպի իշխանություն կամ ապացուցում են,որ պատահական չի իրենց այնտեղ գտնվելը:Արվեստի ու գրականության բնագավառում էլ պետական(ու նաեւ՝ոչ պետական) հովանավորչություն,մրցանակներ են ստանում հիմնականում ազգային-հայրենասիրական թեմաներով ծրագրերն ու ստեղծագործությունները:
Բայց հայությունից ու հայրենիքից որեւէ շահ չակնկալող մարդն էլ է տառապում ազգային սնափառությամբ:Մանավանդ սփյուռքում:Մենք այդպես ենք դաստիարակված:Հ1-ի եթերում սփյուռքի համար հեռարձակվող «Հայ եմ ես,հայ ես դու...»ինքնամեծարման կարգի հաղորդումները գերակշռող մեծամասնություն են:Որովհետեւ չափազանց կարոտում եմ հայերեն գրական,կազմակերպված խոսքին,երբեմն ունկնդրում եմ այս կամ այն հաղորդումը:Բառերն եմ լսում,մտքին չեմ էլ փորձում հետեւել, բոլորի միտքն էլ նույնն է.«Մենք եղել ենք,կանք ու պիտ շատանանք...»:Հեռուստատեսության նման պահվածքն էլ պայմանավորված է նրանով,որ այն պետության խոսափողն է՝միավորելու աշխարհի հայերին,օրնիբուն քարոզելու հայ մնալու անհրաժեշտությունն ու պարտավորությունը՝լինել ազգասեր ու հայրենասեր:Ինչպես Այսինչն ու Այնինչը,որոնք գործով(այն է՝փող տալով) են ապացուցում իրենց հայրենասիրությունը:Հոգնեցուցիչ է,բայց հեռուստացույցը անգնահատելի առավելություն ունի.Կոճակի մի սեղմումով անջատվում է:Ինձ գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում հայրենակիցներիս առօրյա սնապարծությունը:«Ես հպարտ եմ,որ հայ եմ...,հայերն աշխարհիս ամենա....,հայերն ռուսներից....»:Այդ պահերին ավելի եմ խղճում մեզ,մեր ամպագորգոռ ոչնչությունը:Ինչպե՞ս կարելի է «անմեղ»տեղը հպարտանալ:Տեսնես մարդկությանը վիսկի,գոլֆ,հեծանիվ,առաջին իսկական շոգեմեքենան, քլորոֆորմ,պարաֆին, պենիցիլլին,հեռախոս,հեռուստացույց, գառնուկ Դոլլիին եւ այլն,եւ այլն պարգեւած հինգ միլիոն շոտլանդացիներն այդքան հպարտանու՞մ են:Մենք,որ չունենք համաշխարհային ճանաչված մրցանակաբաշխությունների(նոբելյան,Կաննի կամ Վիեննայի եւ այլն)ոչ մի մրցանակակիր,ռուսաստանյան շուկայում ոչ մի գեղարվեստական գիրք,որեւէ մեկին կոնյակ տանելիս հաստատ չգիտենք՝շշի միջինը կոնյա՞կ է,թե՞ ինչ որ մեկի մառանում շշալցված անհայտ բաղադրության հեղուկ,մենք հպարտ ենք ու մեր հպարտությունը ծովից ծով չէ,օվկիանոսներ է գոտեւորում:
Մի անգամ կիսաձայն փորձել եմ հայերիս հավաքույթում առարկել՝թե յուրաքանչյուրս անձնապես ոչ մի ջանք չենք գործադրել հայ ծնվելու համար,ինչպես որ բրազիլացին ջանքեր չի թափել անմրցելի Պելեի հայրենակիցը լինելու համար:Ազգությունը ստանում ենք ծնողներից ու այն ինքնին հպարտության առիթ չի:Նույնն է,թե հպարտանաս մազերիդ գույնով կամ ոտքերի առկայությամբ:Շատ ուրախացնում են մերոնց հաջողողությունները շախմատում,ծանրամարտում,բայց ինքս այդ առիթով հպարտանալ չեմ կարող,որովհետեւ իմ անձնական ներդրումը այդ հաջողություններում զրոյական է:Հպարտության պահ կարելի է ապրել միայն այն ժամանակ,երբ մարդն ինքն է ջանքերի շնորհիվ որեւէ ակնառու հաջողության հասել,ու այդ հաջողությունը քառահարկ տունը կամ սեփական ավտոպարկը չի:Ու նաեւ Հայաստանում եկեղեցի կառուցելը:
Իսկ ուրիշների համար մենք ի՞նչ ենք արել... Երեւի պետք չի նկարագրել,ինչպիսի վրդովմունք են առաջացրել խոսքերս «ազգանվեր»հայրենակիցներիս մոտ.«Ամո'թ ա,ամո'թ,բա հայ լինես՝ու չհպարտանա՞ս...»:Չշարունակեցի,որ ասեմ,թե ձգտում եմ առաջին հերթին մարդ լինել,ու յուրաքանչյուրիս վարքը պայմանավորվում է ոչ թե հայ,այլ մարդ լինելով:
Մեր «ինքնազմայլանքի»պատճառներից մեկն էլ անգրագիտությունն ու անտեղյակությունն է:Անընդհատ զբաղված ենք«ինքնաճանաչումով»,ուրիշներին ճանաչելու ժամանակ չի մնում:Վահրամը գրում է.«....Ասենք, խոսում ես որևէ լավ ռուսական կամ արտասահմանյան ֆիլմի, դերասանի, ներկայացման կամ գրքի մասին, գովում ես առանց հետին մտքերի՝ միանգամից հարձակվում են վրադ, .… «Ի՞նչ ես խոսում» ասում են՝ «Դու ատում ես քո ազգը, գիտե՞ս որքան լավ ֆիլմեր, գրքեր, ներկայացումներ, բեմադրիչներ ու դերասաններ ունենք մենք: Դու օտարամոլ ես՝ դու զզվում ես քո ազգից....»:Որովհետեւ համեմատությունները հաճախ մեր օգտին չեն,այդ պատճառով էլ մենք մեր ճահճի համեմատ «բարձրացատկի»նշաձող ենք դնում,ու գորտի նման այդ նշաձողի վրայով ցատկելով,կարծում ենք,թե սավառնեցինք:Բայց էլի թրմփում ենք նույն ճահիճը:
Մեր ազգայնամոլությունը երբեմն աբսուրդի է հասնում.Թերթում էի Սփյուռքի նախարարության կայքը,եկող տարի «խառն ամուսնություններում հայապահպանության խնդիրներին նվիրված միջոցառում-համաժողով» պիտի անցկացվի: Պարզվում է,որ այլազգի կողակից ընտրած «մոլորվածին» էլ պիտի ջանանք «վերադարձնել հայության գիրկը»: Վառվում եմ հետաքրքրությունից,այդ ինչպե՞ս պիտի քիթներս «խոթենք» տղամարդ-կին հարաբերությունների մեջ,որպեսզի այնտեղ կարգավորենք մեր «հայապահպանության» խնդիրները:(Իսկ հայերի «պատմամշակութային դիմագծին» սիրախաղով զբաղվելու ո՞ր դիրքերն են հարմար:Միթե՞ դա չենք քննարկելու):Մանավանդ,որ խառն ամուսնությունների հիմնաքարը գրեթե միշտ սերն է,հազվադեպ՝հաշիվը,ու այդ հասկացությունները շատ հեռու են ազգապահպանական խնդիրներ լուծելուց:
Վերը գրել էի քառաձայն երգչախմբի մասին,ինքս էլ ի ծնե դրա անդամն եմ:Ցանկացած երգչախմբում էլ լինում է,որ ոմանք միայն բերանն են բացուխուբ անում «օվսաննաների» ժամանակ:Ուրիշ ծպտուն հանելը ոչ միայն փչացնում է «ախորժալուր մեղեդին»,այլեւ խիստ վտանգավոր է:Այս հոդվածն էլ պատասխան-երկխոսության սոսկ թռուցիկ փորձ է Վահրամի հարցին:Ազգայնամոլության բուն դրդապատճառների ու մարդու,անհատի վրա նրա բացասական ազդեցության մասին մեզնում խոսելը չափազանց վաղ է:Հուսանք,որ դրա ժամանակն էլ կգա...
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայարտի հեղինակներ, 847 օր առաջ