Արդեն 16 տարի ապրում եմ Ռուսաստանում: Համակարգչից մի քիչ կարողանում եմ օգտվել: Երբ որդիս ինտերնետ միացրեց, առաջինը՝ իրեն, հետո ինձ գրանցեց՝ էլ.փոստի հասցե ունենալու համար:
«Одноклассники»-ից շատ շուտ ձանձրացա և հայերեն ստեղնաշար տեղադրելու առաջին րոպեից սկսեցի փնտրել... Ժամանակակից հայ բանաստեղծների: Ոչինչ չէի գտնում, մանավանդ անուններ չգիտեի: Կրակին յուղ էր լցրել Հայաստանում ապրող բարեկամս, որը մի քանի անգամ ասել էր. «Գիտե՞ս ինչ համարձակ գրողներ կան, այնքան անկաշկանդ են բանաստեղծություն գրելիս, այնինչ դու վանդակից դուրս գալ չես կարողանում»:
Մի խոսքով՝ փնտրում էի... Գտածս մի քանի գրական կայքերը կամ միայն դասականների գործեր էին պարունակում, կամ էլ արդեն փակվել էին: Փնտրում էի ու գտա: Անկեղծորեն ասեմ՝ շատ ուրախացա, վերջապե՜ս...
Այն, ինչ պիտի գրեմ նրա հեղինակների մասին, հաստատ նորություն չէ: Հեռուստատեսությամբ մեկ-երկու անգամ տեսել էի հարցազրույցների ժամանակ նրանց վիճահարույց պահվածքը: Քանի որ ես էլ որոշ բաներ ունեմ գրած ու մի գրքույկ («Արևին» Երևան, 2008) հրատարակած, իհարկե, չիմանալով հարցի էությունը, հակված էի քրոջս (ընկերներիս) կողմը բռնելու:
Կարճ ասած՝ սկսեցի ագահորեն կարդալ: Առաջինը կայքի հեղինակների գործերն էին, որ գրված էին հայերենի կետադրական նշանների բացակայությամբ ու կյանքումս չլսած հայհոյանքների առատությամբ, կարդացի թռուցիկ, արագ-արագ: Դա ինձ կեղտաջրի առու թվաց, ու կարծեցի՝ հիմա կանցնեմ դրա վրայով դիմացի ափը, ուր հանգիստ կզբոսնեմ գրական պարտեզի արահետներով: Սակայն դիմացի ափին էլ չարդարացան սպասելիքներս: Քաղաքին, վարդին, կենսական կարևորագույն օրգանին նվիրված գործերում սիրուն, դասդասված, փայլեցրած, օծած, ծաղկացրած, շաքարափոշի ցանած, ուլունքներ շարած, պոզ-պոչ աճեցրած, բայց ԻՄԱՍՏԸ միջիցը հանած բառակույտերում բառերը շատ են, Ասելիքը՝ քիչ: Ճիշտ էլեկտրական հոսանքի նման շոկի ենթարկող:
Որոշեցի պատմվածքներից կարդալ, այդտեղ էլ բախտս չբերեց, որովհետև ստեղծագործող գործընկերուհիներիցս մեկը գեղեցիկ, գրագետ հայերենով պատմում էր, թե ինչպես էր հայրը... «տղամարդու պես պարանոցը համբուրել»:
Սկսած հինգ տարեկանից անընդհատ կարդում եմ: Բառը, խոսքը ինձ համար չնսեմացող, անգնահատելի արժեք են: Կարծում էի՝ ամեն գրիչ վերցնող ակնածանքով պիտի վերաբերվի բառերին:
Այնինչ ականատես եղա, թե «գրող» համարվող ինքնավստահ «տերերը» իրենց գոմաղբոտ «սապոգներով» ինչպես են «ֆռֆռում» հայոց լեզվի գանձարանում, թքում՝ ուր պատահի, մարմնի կարիքները հոգում անձեռակերտ սրահների կամարների ներքո:
Նողկանքի զգացումը թույլ չտվեց այդ գիշեր քնել: Թվում էր՝ թքել են իրենց «կոյուղաջրերը» լցրել են վրաս, ու չգիտեի՝ ո՞նց մաքրվեմ, ինչո՞ւ գլխիս եկավ այս փորձանքը:
Մի երկու օր անց որոշեցի քրոջս, որ հյուր էր եկել հեռավոր Սուրգութից, ցույց տալ «գտածոյիս «պարունակությունից որոշ նմուշներ: Թող նա էլ խուլ ու խավար չմնա՝ հումանիտար բուհ է ավարտել: Ընթերցելուց հետո, խորապես ցնցված՝ ասաց.ՙՍրանք կարծես լուծողական են խմել ու դրա արդյունքը փչում են ընթերցողի վրա»: Երկար-բարակ չէի ուզում գրել արվեստի ու գրականության դերի մասին,իրենց գրող համարողները երևի պիտի իմանային դա:Բայց որովհետև կասկածում եմ,ստիպված եմ կրկնել հայտնի ճշմարտությունը.Գրականության նպատակը գեղարվեստական խոսքի միջոցով կենսաբանական էակի՝մարդու մեջ Վեհի ու Գեղեցիկի դաստիարակությունն է:
Օգնեցե’ք ինձ, բացե’ք աչքերս,կոյուղաջրերի ու հայհոյանքների մեջ ոչ մի կերպ չեմ նշմարում վեհն ու գեղեցիկը: Կամ էլ սա գրականություն չի կարող կոչվել, եթե կամենա՞ք, խնդրեմ, «նյութագրություն» կոչենք:
Մի քանի բառով էլ դիմեմ հայ նորագույն գրականության պուրակներով զբոսնող մնացյալ գրչակից քույրերիս: Սիրելինե’րս, մենք (թույլ տվեք ինձ էլ խառնել ձեզ հետ, չնայած ոչ անունս է հայտնի, ոչ էլ երբևէ «սկանդալային» հարցազրույց եմ տվել), հայ գրականության Նախամայրերն ենք: 21-րդ դարագիրքը նոր ենք բացել ու տեսե’ք՝ ի՛նչ «աստղաբույլ»: Սա, իհարկե, ուրախալի երևույթ է: Ռուս ու եվրոպական գրականության դրոշակակիրներն էլ այժմ հիմնականում կանայք են: Որակյալ գրականություն ստեղծելը երևի հենց կնոջ գործն է: Գրականության հիմնական թեման էլ սերն է՝ Եգիպտոսում քարակտորին փորագրված առաջին սիրային նամակից սկսած ու մինչ այս պահին ստեղծվող քառատողը: Սերը՝ իր հազարերանգ դրսևորումներով:
Սիրելի քույրեր, մեր գործերն էլ սիրո բյուր ելևէջումների արտացոլումն են: Բայց խնդրում եմ, եկեք միանգամից չմերկանանք: Հոգու մերկությունը մարմնի մերկությունից աղետալի է: Մեզնից ո՞վ կհամաձայներ մերկիրան, տարբեր կեցվածքներով նկարվել այս կամ այն հանդեսում: Երևի ոչ մեկս: Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե հոգին կարելի է այդչափ մերկացնել: Այդքան վստա՞հ եք ձեր հոգևոր արժեքների կատարելությանը, որ կարող եք բոլոր հայերեն կարդացողներին դա ի ցույց դնե՞լ: Առանց դույզն իսկ երկչոտությա՞ն: Լիակատար մերկությունը երբեք ցանկալի չի լինում: Հեռավոր ակնարկը, այլաբանական պատկերը ավելի հուզական ներգործություն ունեն, քան կանացի ցանկությունների մասին շեփորահարելը: Հասկանալի է, որ մենք մեզ չգովենք, ուրիշ գովաբանող չկա: Բայց այդ գովքը երկուսի անկողնուց այն կողմ պիտի չանցներ: Շատ ընդիմախոսներ կգտնվեն՝ ասելով, թե նրանք անկեղծ են գրում: Ախր անկեղծությունն այն չի, որ մտածածդ ասես, այլ այն է, որ չմտածածդ չասես: Այնպես որ, հարգելիներս, անկեղծանալ` հանվելուց առաջ` երկար մտածեք: Մի կողմ եմ թողնում հայ կնոջ համեստ կերպարի մասին դատողությունները, քրիստոնեական բարոյականության կարգախոսները, ու նաև այն, որ մենք առաջին հերթին Մայր ենք, իսկ մայր լինելը հսկայական պատասխանատվություն է արածների ու չարածների համար:
Մի’ մատնեք մեր գաղտնիքներն այդքան հեշտությամբ: Կինն այնքան ժամանակ է հետաքրքիր ու ցանկալի, քանի նրա մեջ չբացահայտված պահոցներ կան: Այդ տեսակետից կեցցե’ն հայ տղամարդիկ: Նրանք, որ 15 դար մեզնից առաջ են գրիչ վերցրել, դարերի ընթացքում իրենց սեռի ցանկությունները, մարմնի անդամների կատարելությունը այնպես մերկապարանոց ու գռեհիկ չեն տարփողել, ինչպես մենք այս մի քանի տարում:
Նամակս ավարտելով՝ ստիպված եմ կրկնել Դ. Դեմիրճյանի հայտնի խոսքը: Կարդացե’ք: Անընդհատ կարդացե’ք, մերոնցից անցեք համաշխարհային գրականության տիտաններին: Ինչքան շատ կարդաք, այնքան քիչ ժամանակ ու ցանկություն կունենաք գրելու: Եվ, հուսամ, խորապես կհարգեք «Բանն, որ ի սկզբանէ էր...»:
«Ազատամտություն»
05.09.2009