ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
Ազատության վարդի փոխարեն՝ ցասման վազ
1878 թվականին գեղատեսիլ եւ հանգստավետ Ակն քաղաքում, որը գտնվում է Եփրատի աջ ափին, վաճառականի ուսյալ ընտանիքում ծնվեց Ատոմ Յարջանյանը, ով գրական աշխարհին հայտնի է Սիամանթո անունով։
Ի դեպ, Սիամանթոյի ծնվելուց յոթ տարի անց Ակնի մերձակայքում լույս աշխարհ եկավ Հայաստանի եւս մեկ մեծ բանաստեղծը՝ Միսաք Մեծարենցը, ում ողբերգական կյանքն ու քնքշագին քնարը ե՛ւ կսկիծ է բերում, ե՛ւ հիացմունք։
Ակնը միշտ եղել է հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Այստեղ են 19-րդ դարի վերջին ծնվել, ապրել ու ստեղծագործել կարկառուն գլուխներ՝ բանաստեղծ-թարգմանիչ, գրականագետ Արշակ Չոպանյանը, արձակագիր, թուրքական խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապը, գեղանկարիչ-գրաֆիկ Էդգար Շահինը, եպիսկոպոս, «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի առաջին բանահավաք եւ հետազոտող Գարեգին Սրվանձտյանը եւ ուրիշներ։
Սիամանթոն նրանցից ոմանց հետ ընկերություն է արել, մյուսների հետ՝ մոտիկ եղել, համագործակցել, երրորդների հետ՝ սովորել...
Ապագա բանաստեղծը տարրական դպրոցն ավարտել է հայրենի Ակնում, ուսումը շարունակել, ընտանիքի պնդմամբ, Կոստանդնուպոլսում։
...Ավետիք Իսահակյանը Սիամանթոյին անվանում է «ունիկում համաշխարհային գրականության մեջ»։ Նրա պոեզիան ժողովրդի բազմադարյա ապրելակերպի, նրա դարավոր մշակույթի թանձրուկն է։ Չէ՞ որ Ակնի պարփակ աշխարհն իր մեջ խտացնում էր անցյալ դարերի ամեն լավագույնն ու բնորոշը եւ, գուցե, իր մոտալուտ մահվան կանխազգացումով (թուրքական իշխանությունները 1896 թվականին հիմնահատակ ավերեցին Ակնը՝ այնտեղ կատարելով անթիվ-անհամար գազանություններ), այդ ամենը փոքրիկ տղեկին է փոխանցել՝ որպես անգին պարգեւ ու շնորհ...
Բանաստեղծի աշխարհընկալումն իր մեջ կրում է տոհմային սաղմի հատկանիշները։ Սիամանթոն իրոք որ այդ ամենը «մոր կաթի» հետ է իր մեջ ներծծել։
Բանաստեղծը հայ մշակույթի խոշորագույն գործիչներից շատերի հետ է բարեկամություն արել։ Ա.Չոպանյանից ու Գր.Զոհրապից բացի, ուզում եմ թվարկել նրանցից եւս մի քանիսին. բանաստեղծներ Դանիել Վարուժան, Վահան Թեքեյան, Ավետիք Իսահակյան, դերասան Վահրամ Փափազյան, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադե...
Սիամանթոյի համար մեծ անցյալի Հայաստանն էլ հենց ապագայի Հայաստանն է։ Սիամանթոյի ոգին, նրա ռոմանտիկ պոռթկումը, նրա լավատեսությունը ընթերցողին համոզում են, որ վրա կհասնի ժողովրդի պատմության լուսավոր ժամը, որովհետեւ վրեժը հայ ժողովրդի համար նշանակում է՝ արդարություն։ Հսկայական է Սիամանթոյի ազդեցությունը 20-րդ դարի ամբողջ հայ պոեզիայի վրա։
Վերցնենք թեկուզեւ Դանիել Վարուժանին եւ Եղիշե Չարենցին՝ հայկական պոեզիայի երկու հանճարներին, ովքեր նրա հրաշունչ քնարի ազդեցությունն են կրել։
Սիամանթոն նաեւ եղել է առաջինը նրանց թվում, ովքեր, ի դեմս երիտթուրքերի, տեսել են հայ ժողովրդի ապագա դահիճներին։ Եվ զարմանալի չէ, որ Եվրոպայի գրական հասարակայնությունը բարձր է գնահատել հայ բանաստեղծի ստեղծագործությունը՝ նրան Նոբելյան մրցանակի ներկայացնելով զոհվելուց մի քանի ամիս առաջ...
Եվ որտեղ էլ եղել է բանաստեղծը, իսկ նա եղել է, Արեւմտյան Եվրոպայի երկրներից բացի, ԱՄՆ-ում (ի դեպ, 1910 թվականին Բոստոնում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուի հատորը), Կովկասում (Թիֆլիսում 1913 թվականին առանձին գրքույկով լույս է տեսել «Սուրբ Մեսրոպ» պոեմը), նա բարձր է պահել իր ազատասեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Սիամանթոյի վերջին ուղեւորությունը եղել է Արեւելյան Հայաստանում։ Դա տեղի է ունեցել 1913-1914 թվականներին։ Բանաստեղծն իր ուղեւորությունն ավարտել է Ստամբուլում՝ չկասկածելով, որ այդ քաղաքն իր համար Գողգոթա կդառնա։
Բանաստեղծը լիաչափ կերպով կիսեց իր ժողովրդի ճակատագիրը, երբ 1915 թվականին երիտթուրքերն սկսեցին պլանաչափորեն իրագործել մի ամբողջ ազգի բնաջնջման իրենց հրեշավոր ակտը։
Ստեղծագործական եւ կենսական ուժերի ծաղկման մեջ, մտավորականության լավագույն ներկայացուցիչների՝ Կոմիտասի, Դ. Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Գր. Զոհրապի, Երուխանի, Քելեքյանի եւ շատ ուրիշների հետ միասին ձերբակալվեց, իսկ մի քանի ամիս հետո էլ գազանաբար սպանվեց նաեւ Սիամանթոն։
Բայց բանաստեղծը զոհվեց՝ մեզ թողնելով Եփրատի ափին տնկած Ցասման Վազը, որը, Սիամանթոյի կրքոտ համոզմամբ, կվերընձյուղվի որպես Ազատության... Ուժի եւ Արդարության վարդենի...
Հրապարակող` DANIEL, Բաժին` Կենսագրական, 524 օր առաջ