ռուբեն սեվակ - ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
Ռուբեն Սեւակը (Չիլինկիրյան) ծնվել է 1885թ. փետրվարի 15-ին Մարմարե ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Սիլիվրի փոքրիկ քաղաքում։

1905թ. գերազանց գնահատականներով ավարտելով Կոստանդնուպոլսի Բերբերյանի հայկական ճեմարանը եւ արտակարգ ընդունակություններ դրսեւորելով ամենատարբեր առարկաներից, Ռ.Սեւակը մեկնեց Շվեյցարիա, որտեղ 1905թ. աշնանը դարձավ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող։

Ապագա բժշկի բանաստեղծական շնորհքը դրսեւորվել է դեռ ճեմարանում սովորելու տարիներին։ Շվեյցարիայում՝ Եվրոպայի քաղաքական, սոցիալական եւ, իհարկե, գեղագիտական նորույթների կենտրոններից մեկում այդ շնորհքն ավելի մեծ ուժգնությամբ բացահայտվեց։
20-ամյա բանաստեղծը Շվեյցարիայում գտնվելու առաջին իսկ օրերից օտար եւ թշնամական երկրում իրեն գավառական չէր զգում( ինչպես հաճախ է պատահում), այլ իր տարերքի՝ գրական կյանքի լիիրավ մասնակիցը։

1910թ. նա ամուսնացավ պրուսական գնդապետի գեղեցկուհի աղջկա՝ Յաննի Ապելի հետ։

1911թ. իր նամակներից մեկում Սեւակը գրում է.
«Կուզենայի նախքան վերջնականապես հայրենիք վերադառնալս մեկնել Վենետիկ եւ այնտեղ անցկացնել մի գարուն, կյանքիս հաշված գարուններից գոնե մեկը։ Ուզում եմ ապրել, զգալ, որ ապրում եմ ... մահվան կանխազգացումով»։
Բանաստեղծը գուշակում էր աննախադեպ աղետներ ու ողբերգություններ։

1912թ. իր հոդվածներից մեկում նա գրել է.
«Ես ձեզ, իրոք, անկեղծ եմ ասում՝ մեծ է վտանգը, այնքան մեծ, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել»:

...1914թ. օգոստոս։ Առաջին համաշխարհային պատերազմն արդեն սկսվել էր։ Կոստանդնուպոլսի նավահանգստում բանաստեղծի կինը՝ Յաննին տհաճություն էր զգացել տիրող մթնոլորտից.
«Ռուբե՛ն, արի հենց այս նույն շոգենավով էլ հետ վերադառնանք, այս երկիրն ինձ ահավոր դուր չի գալիս։ Մի՞թե չես տեսնում, որ ոչ մեկի դեմքին ժպիտ չկա»։

Ամիսներ անց՝ 1915թ. ապրիլի 24-ին, երիտթուրքերի կառավարությունը ձերբակալեց եւ տեղահանեց Կոստանդնուպոլսի հայ մտավորականության սերուցքին։ Մշակույթի, գիտության եւ արվեստի, պետական եւ կրոնական ավելի քան 2 հազար գործիչներ, նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ գաղտնի դուրս տարվեցին մայրաքաղաքից եւ գազանաբար սպանվեցին։

Քիչ անց՝ մայիսին, ձերբակալվեց նաեւ Սեւակը։ Նրան ուղարկեցին Անատոլիայի Չանգիրի ավանը, որտեղ արդեն տեղահանված հայերի մի մեծ զանգված կար։ Ականատեսները պատմում են, որ աքսորավայրում նա իրեն չափազանց հպարտ էր պահում, օգնում մյուսներին՝ մինչեւ վերջ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը։

Այնպես ստացվեց, որ նա բուժեց թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի դստերը, որը մահամերձ էր։ Բժիշկն արեց հնարավոր ամեն ինչ՝ փրկելու հիվանդի կյանքը։ Աղջկա վիճակը գնալով լավանում էր, ավելին՝ նա սիրահարվում է իր բժշկին։

Աղջկա հայրը, ցանկանալով յուրովի հայտնել իր երախտագիտությունը, ասում է.
- Բժի՛շկ, դուք բոլորդ պետք է մահանաք։ Ձեզնից ոչ մեկը չի փրկվելու, բայց եթե դու ընդունես իսլամը եւ կնության առնես իմ աղջկան, ես քեզ կփրկեմ...
Սեւակը, որ ցնցված էր,պատասխանում է, որ ինքն ամուսնացած է, եւ երեխաներ ունի։
- Ի՞նչ կա որ,- ասաց թուրք պաշտոնյան։- Մեր կրոնի համար դա խոչընդոտ չէ։
Սեւակի աքսորյալ ընկերները համոզում էին նրան՝ համաձայնվել ժամանակավոր դավանափոխությանը՝ սեփական կյանքը փրկելու համար։ Բայց Ռուբեն Սեակը հասկանում է, որ կյանքը փրկելով, ինքը կսպանի իր հոգին։

Ուշագրավ է այն փաստը, որ Սեւակը, լինելով հետեւողական գիտնական-աթեիստ, այդուհանդերձ, դավանափոխությունը համարում էր դավաճանություն։ Դավաճանություն իր ժողովրդի հանդեպ, բանաստեղծի, մտավորականի իր կոչման հանդեպ։

«Մենք ժողովրդի առաջնորդներն ենք։ Եթե մենք դավաճանենք մեր գաղափարներին, ժողովուրդը կկորցնի պայքարի, արդարության հանդեպ իր հավատը։ Մենք պետք է օրինակ ծառայենք նրան։ Մենք պետք է մահանանք՝ հանուն մեր ժողովրդի անմահության»,- ասել է նա։

Եվ առհասարակ, նրա՝ բարձր բարոյականության այդ մարդու, բանաստեղծ ասպետի համար խղճի հետ ցանկացած գործարք համարվում էր անթույլատրելի։ Ահա թե ինչու նա գերադասեց գիտակցական մահը։

«Ասպետը զոհաբերում է իրեն,- գրել է Բերդյաեւը,- իր բարօրությանը, բայց ոչ երբեք՝ արժեքներին։ Նա հավատարիմ է մնում արժեքներին»։

Ռ.Սեւակը քրիստոնեությունը համարում էր բարձր արժեք՝ ոչ այնքան կրոնական, որքան՝ համամարդկային առումով։ Նկարչի՝ որպես բարձր գաղափարների կրողի կոչումը. ահա այն արժեքը, որը բարձր է ֆիզիկական գոյությունից։

1915թ. օգոստոսի 26-ի լուսադեմին հինգ հոգուց բաղկացած խումբը ուղարկեցին հարեւան Այաշ փոքրիկ քաղաքը։ Նրանց մեջ էին Ռուբեն Սեւակը եւ մյուս հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը։

Ականատեսի՝ Հասան անունով թուրք կառապանի պատմածը բացել էր այդ սպանության մանրամասները։

Ճանապարհին անծանոթ մարդիկ կանգնեցրել էին նրանց։ Թվում էր՝ ավազակներն են հարձակվել, սակայն ոստիկանը շողոքորթաբար ողջունեց անծանոթին, որին հետեւում էին չորս զինված տղամարդ։ Սակայն ամեն ինչ նախապես բեմականացված էր։ Հինգի ձեռքերն էլ կապկպեցին, եւ նրանք չկարողացան դիմադրել։ Ոստիկանները խուզարկեցին նրանց, թալանեցին ու հեռացան։ Կառապանը հեռվից հետեւում էր այդ ամենին։ Հինգ մարդասպան հարձակվեցին շղթայված մարդկանց վրա, մերկացրին նրանց եւ կապեցին ծառերին։ «Հետո ավազակների առաջնորդն ու նրա մարդիկ հանեցին դաշույնները եւ սկսեցին դանդաղ ու անխռով անդամահատել նրանց։ Զոհերի տվայտանքներից եւ հուսահատ կատաղությունից սիրտս պայթում էր» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն թ.1, 1930 N1)։
Մարդասպանների մեջ էր այն աղջկա հայրը, որի կյանքը փրկել էր Սեւակը։

Ծանր բոթը հասավ Յաննիին, որն ամբողջ այդ ընթացքում Կոստանդնուպոլսից չէր հեռացել՝ փորձելով ամուսնուն ազատել աքսորից։ Թուրքերը իրավունք չունեին նրան տեղահանել, քանի որ նա ուներ գերմանական հպատակություն։ Նա դիմել էր նաեւ Գերմանիայի դեսպան Վահենհեյմին։
Դեսպանը Յաննիի խնդրանքին արձագանքել էր հետեւյալ խոսքերով.
«Դու անարժան գերմանուհի ես. դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել հայի հետ եւ այսօր եկել ես խնդրելու, որ ես նրան ազատե՞մ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք գնացել են մեռնելու»։
Այդ պատասխանից ցնցված՝ Յաննին իր գերմանական անձնագիրը շպրտել է դեսպանի երեսին ու ասել.
«Ես ունեմ որդի, եւ նրան այնպես կդաստիարակեմ, որպեսզի նա երբեւէ գերմանացիներից լուծի իր հոր վրեժը» (Օ.Չիլինկիրյան. «Ռուբեն Սեւակ», Փարիզ, 1985թ.)։

Յաննի Սեւակը հրաժարվեց գերմանական հպատակությունից, դադարեց խոսել գերմաներեն, իր երեխաներին տվեց հայկական կրթության։

20-30-ական թվականներին նա խաղում էր Փարիզի բեմերում, հրատարակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ՝ ֆրանսերեն լեզվով։

Յաննին մահացել է Նիցցեում, 1967թ. դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն, նրան հուղակավորել են հայկական ձեւով։

Ռուբեն Սեւակի մտավախություններն անհիմն չէին։ Յաննին, իրոք, ստիպված եղավ կիսել հայ մեծ բանաստեղծի ու նրա ժողովրդի ողբերգական ճակատագիրը։ Եվ նա դա արեց զարմանալիորեն արժանավայել կերպով:


ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ