Չկա ուշացող լռություն. կա` լռություն և կա` լռություն:
Լռության ներսում ստեղծված գրականությունը ինքնամփոփ է` (չի լինում անինքնամփոփ գրականություն)… ինքնամփոփ է, բայց ոչ փակ…ինքնավստահ ու ինքնամոռաց, որն իրացնում է իր էսթետիկան` առաջնորդվելով սեփական ժամանակագրությամբ ու լույս աշխարհ է գալիս անակնկալ ու մի փոքր էլ անհամատեղելի տարածության մեջ: Լռությունը գալիս է խոսելու լռության հետ. լռությունը գիտի հաջորդ լռություն անցնելու ակնթարթը:

Մնացե՞լ է արդյոք այն ընթերցողը, ով մանկան պես հրճվում է` ձեռքում պահելով բարձրաճաշակ, գեղեցիկ կազմով գիրք: Ափդայքն ասում էր, որ Գրականությունը սկսվում է գրքի կազմով. ես հավատում եմ նրան:

Մնացե՞լ է արդյոք այն ընթերցողը, ով տրվում է անժամանակ լռությանը և կարդում լռությունը` զգալով «Հունական» ու «Բարաքներ» թաղամասերի կոշկակարի հոգին, …որ իր նեղլիկ ու չեչոտ պատուհանից գնում էր իր հայացքի հետևից…, գիժ Գևորգի տիեզերական խիղճը, որ ձմռանը ոտաբոբիկ էր քայլում` կոշիկները կտակած ճնճղուկների ձագուկներին: Կարտատպվի՞ նրա հայացքում ծեր վերարկուի ստվերն ու անցյալի հիշողությունները, որպես ներկայի ու ապագայի մետաֆորներ: Կգտնի՞ արդյոք նա Վարդան Անեցու երազում կորած երկնագույն տետրը: Կսահի՞ Ռոբերտ Վալզերի ձյան վրա թողած ոտնահետքերով ու լուսնի վրա կշոշափի՞ Կավաբատայի գրականության նրբին արտացոլանքը:
Վարդան Ֆերեշեթյանի «Աքլորականչ» գիրքը` (Երևան 2010թ, ակտուալ արվեստ), ուղղված է այն բացառիկ ընթերցողներին, ովքեր պատրաստ են իրենց կոշիկները մաշելու լռության ճանապարհին, ովքեր դեռ կարողանում են հեռանալ համատարած դեմագոգիկ աղմուկից, ովքեր դեռ կարողանում են ԱՌԱՆՁՆԱՆԱԼ ու ԼՌԵԼ` բարձրակարգ գրականության մեջ փնտրելով կորցրած անիման…

«Աքլորականչը»` նոր լռության ազդարար է. լռության, որ չունի սկիզբ ու վերջ…


© Aram Pachyan

http://www.arampachyan.com/silens.htm