Ջբրան Խալիլ Ջբրան
Ճանապարհ...

Արաբ բանաստեղծ Ջբրան Խալիլ Ջբրանի «Ձորի հավերժահարսերը» եւ «Ըմբոստ հոգիներ» գրքերը Բեյրութի կենտրոնական հրապարակում խարույկի մատնվեցին` իր պատկանած համայնքային եկեղեցական ավագանու եւ երկրի իշխանությունների հրամանով: Հայրենիքից հեռու` ամերիկյան մայրցամաքում արաբ բանաստեղծի գրական մուտքը ըմբոստ տրամադրություններով բնորոշվեց` կյանքի հանդեպ վերաբերմունքի բացորոշ շիտակություն, հակոտնյա կամք` ընդդեմ հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների: Այդ նույն եկեղեցին էր, որ նզովեց բանաստեղծին ու բանադրեց նրան` դատապարտելով վտարանդիության: Եվ ընդամենը երկու տասնամյակ չէր անցել այդ հաշվեհարդարից, երբ օտարության մեջ իր մահկանացուն կնքած բանաստեղծը նույն քաղաքում արժանացավ համաժողովրդական պաշտամունքի եւ խորագույն ակնածանքի: Ջբրան Խալիլ Ջբրանը մահացավ (1931, ապրիլի 10) Նյու Յորքում. Բոստոնում կատարվեց հուղարկավորության արարողություն, զմռսված դին Բեյրութ տեղափոխվեց օգոստոսին, որտեղ նրա թաղումը վերածվեց համազգային սգի արտահայտության` մասնակցությամբ բնակչության բոլոր շերտերի` թե՛ իշխանական, թե՛ եկեղեցական, թե՛ ժողովրդական: Բանաստեղծի վերջնական վերադարձը հայրենիք վերջինիս բերեց նոր փառք ու պատիվ: Արաբական աշխարհում այսօր ամենահռչակավոր ու գնահատված պոետը ստեղծագործական ողջ ճանապարհն ու բանաստեղծական կայացումը ունեցավ իր երկրից դուրս, օտար մշակութային շփումներում: Ու թերեւս իրեն վիճակված կյանքի այս ձեւը նախասահմանված էր, որովհետեւ իր մտածողական հորիզոնները միեւնույն է` դուրս էին մղելու նրան կրոնական, դավանաբանական կամ ազգային որեւէ պայմանականությունից: Դրա ամենացայտուն արտահայտությունն իր գլուխգործոցն է` «Մարգարեն» պոեմը` գրված անգլերենով, արաբերենի վերածված հեղինակի գրչով:

Ջբրան Խալիլ Ջբրանը ծնվել է 1883 թ.-ին Հյուսիսային Լիբանանի Ուադի Կադիշա (Սրբազան ձոր) կոչված բնակավայրի Բշարիի գյուղում, հողագործի ընտանիքում: Դեռ փոքր էր, երբ մայրը երեխաների հետ մեկնում է Բոստոն: Ինքը մնում է ծննդավայրում, մի քանի տարի հետո գնում է Բեյրութ, ընդունվում տեղի Ալ-Հիքմա` Լիբանանում ժամանակին լավագույն համարվող երկրորդական մակարդակով վարժարան: Խորանում է արաբական հին եւ նոր գրականության ուսումնասիրությունների մեջ, հետեւում գրական շարժումներին: Պատանեկան սիրային առաջին ապրումը առաջին խոր հիասթափությունն է ծնում` ճակատագրորեն բախտորոշ: Սիրո կորուստը եկեղեցական բարձրաստիճան սպասավորի «միջամտությամբ» հայրենիքից հեռանալու առիթն է դառնում: Հետագայում կենսագրական այս դիպվածը իր «Կոտրած թեւեր» վիպակի գեղարվեստական հենքն էր կազմելու: Ջբրանը մեկնում է Բոստոն, որտեղ իր հարազատներն էին ապրում, ծանոթանում նոր միջավայրին, 1902-ին գալիս է Բեյրութ, սակայն Բոստոնում բնակվող քրոջ մահը նրան կրկին ետ է վերադարձնում: Շատ չանցած կորցնում է եղբորը, ապա` քրոջը:

Արվեստի աշխարհ Ջբրանը փորձում է մտնել նկարչությամբ, նրա յուղաներկ ու գծանկար աշխատանքների ցուցադրությունը որոշակի ուշադրության է արժանանում: 1905-ին լույս է տեսնում արաբերենով պատմվածքների անդրանիկ ժողովածուն` «Թշվառություն», որին հաջորդում են «Ձորի հավերժահարսերը» եւ «Ըմբոստ հոգիներ»-ը (1908 թ.): Վերջին երկու ժողովածուները լինելով ճշմարտություն որոնողի ընդվզումի արտահայտություններ, դիմակակիր բարեպաշտների ատելությունն են հարուցում, որի համար շատ թանկ է վճարում գրողը. նրան զրկում են հայրենիքի զավակը լինելու իրավունքից:

Հոգեկան դժվարին վիճակներում նյութապես օժանդակություն ստանալով մինչեւ կյանքի վերջ իրեն հավատարիմ բարեկամ Մեյրի Հասքելից, նա մեկնում է Փարիզ` հետեւում Ժյուլիենի ակադեմիայի եւ Գեղեցիկ արվեստների վարժարանի գեղանկարչական դասընթացներին: Ֆրանսիական արվեստային միջավայրը նոր հորիզոններ է բացում, հարստացնում նրա գեղագիտական ընկալումները, եվրոպական գրական հոսանքների հետ ծանոթությունները բարեփոխիչ նշանակություն են ունենում ստեղծագործական ընթացքի վրա, մասնավորապես ազդվում է անգլիացի Ուիլյամ Բլեյքի բանաստեղծական խորհրդապաշտությունից եւ գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի աշխարհայացքից:

Փարիզից Նյու Յորք վերադարձի ճանապարհին Լոնդոնում Ջբրանը, Էմին Ռիհանին եւ Յուսեֆ էլ Հուայեքը` երեքն էլ` լիբանանցի գրողներ, հղանում են արաբական մշակույթի վերածննդի մի ծրագիր, որը գործնական արտահայտություն չունենալով, սակայն, գաղափարական առումով բարերար ազդեցություններ է ունենում արաբ մտավորականության վրա: Վերադառնալով Նյու Յորք` արվեստանոցի վերածած տան վերնահարկը, որին «ճգնարան» էր կոչել, վերածում է տեղի արաբ մտավորականության հավաքատեղիի: Իր ջանքերով եւ նախագահությամբ հիմնում է արաբ տարագիր գրողների միությունը: Անգլերենով գրված իր առաջին գործը «Խեթն»-ն էր, որից հետո լույս են տեսնում «Թափորը»` սեփական նկարազարդումներով եւ «Փոթորիկներ» պատմվածքների ժողովածուն եւ անգլերենով 2-րդ գիրքը` «Ռահվիրան»: 1923 թ. անգլերենով գրված «Մարգարեն» պոեմը ունենում է աննախադեպ հաջողություն` շատ կարճ ընթացքում երեք տպագրություն եւ մի շարք լեզուներով թարգմանություններ, որ հեղինակին բերում է համբավ ու մեծ համակրանք. այն հատվածաբար ընթերցվում է ամերիկյան եկեղեցիներում: Բանաստեղծ Վահե-Վահյանը գրում է. «Անցնող ամեն տարին կ՛աճեցնէ հմայքը գիրքին եւ անոր հեղինակին կը հագցնէ նոյնիսկ պարեգօտը մարգարէի: Ջբրականութիւնը, կարգ մը շրջանակներու մէջ, կ՛առնէ կերպարանքը նոր աղանդի մը»: Հաջորդաբար հրատարակվում են «Ավազ եւ փրփուր» առակների ժողովածուն, ապա «Հիսուս, Մարդու որդի» եւ վերջին գիրքը` «Երկրային աստվածներ»-ը լույս է տեսնում բանաստեղծի մահից երկու շաբաթ առաջ: Ավելի ուշ` «Թափառականը» եւ «Մարգարեի պարտեզը», որի վրա բանաստեղծն աշխատում էր մինչեւ կյանքի վերջին վայրկյանները:

***

Արաբական հին եւ նոր շրջանների հարուստ ու բազմաշերտ գրականության` հայերեն լեզվամտածողական դաշտ շատ սակավ ներթափանցումը ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները` հիմնականում պրոֆեսիոնալ թարգմանիչների բացակայությամբ: Մինչդեռ միանգամայն այլ է իրականությունը մյուս կողմում` հայ գրականությունը որոշ չափով ներկայացված է արաբերենով: Միայն հալեպցի գրող Նզար Խալիլին կատարել է հայ հեղինակների բազմաթիվ թարգմանություններ` Օտյան, Պարոնյան, Շիրազ, Սեւակ, Թեքեյան եւ այլք: Սա պայմանավորված է արաբական աշխարհում ինչպես գրքի հանդեպ եղած բացառիկ վերաբերմունքով, նաեւ սեփական մշակույթը նոր մտածողությամբ, գեղարվեստական նոր շերտերով հարստացնելու պահանջով:

Ջբրան Խալիլ Ջբրանի «Մարգարէն» պոեմի հայերեն թարգմանությունը անգլերեն բնագրից կատարել է բանաստեղծ Վահե-Վահյանը: Գիրքը տպագրվել է Բեյրութում, 1984 թ.` Պոլ Կիրակոսյանի ձեւավորումով եւ հեղինակի նկարչական գործերի սեւ-սպիտակ իլյուստրացիաներով (որոնցից երկու նմուշ ներկայացված է հրապարակման մեջ):

Մինչ այդ «Մարգարէի» արեւմտահայերեն արված առաջին թարգմանությունը պատկանում է Համաստեղի գրչին, որն արձակ շարադրանք է: Տեղեկությունները Ջբրանի կենսագրության եւ ստեղծագործության մասին քաղված են Վահե-Վահյանի թարգմանության առաջաբանից: Մեր այս անդրադարձը պայմանավորված է Ջբրան Խալիլ Ջբրանի հայաստանյան առաջին հրատարակությամբ: «Մարգարեն» պոեմը օրերս լույս կընծայի «Տիգրան Մեծ» տպագրատունը (արեւմտահայերենից արեւելահայերենի վերածումը` Հովիկ Յորդեքյանի, Լիբանանի դեսպանատան նախաձեռնությամբ եւ Վիվասելի աջակցությամբ):

Անցած տարի Երեւանի Կիրովի այգու Բեյրութի փողոցի դիմահայաց կողմում տեղադրվեց արաբ բանաստեղծի կիսանդրին (քանդակագործ` Լեւոն Թոքմաջյան), մինչդեռ հեղինակի ստեղծագործությունները տակավին անհայտ են մեզ: Արաբական գրականության լավագույն նմուշներից մեկի հայաստանյան այս հրատարակության անհրաժեշտությունը վաղուց հասունացած էր արդեն:


«Մարգարէն»

Ջբրան Խալիլ Ջբրանը երկլեզվյա ստեղծագործող է, սա թերեւս իր վտարանդի կարգավիճակի լեզվամտածողության արտահայտությունն է: Նրա տաղանդը հավասարապես դրսեւորվել է գրական երկու տեսակներում` արձակ եւ չափածո: Վերջինիս շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Մարգարեն» պոեմը` նախեւառաջ արեւմտյան աշխարհում, քրիստոնեական մշակույթ կրող ժողովուրդների մեջ: Ո՞րն է ստեղծագործության գաղտնիքը: Հոգեկերտվածքով ու մտածողությամբ իսլամական մշակույթից հեռու ընթերցողին անգամ, ստեղծագործությունը գրավում է իր ընդհանրականությամբ եւ մարդասիրական փիլիսոփայությամբ` գոյաբանական հավերժական հարցերի խորը ներթափանցումների, մարդու երկրային գոյության, նրա կյանքի եւ դրա ճանապարհին զգայական ու նյութական աշխարհի բազում իրողություն-գայթակղություններից իմաստնացածի հարուստ փորձառությամբ: Անհատական հոգեւոր այդ փորձառությունը բանաստեղծը փոխանցում է գրականության մեջ բավականին տարածում գտած գեղարվեստական հնարանքի` սյուժետիկ պարզ կառույցի միջոցով` հարց ու պատասխանի ձեւով:

Ծննդավայրից դուրս օտար երկրում Էլմուսթաֆան իր համար բնակավայր է ընտրում անտառապատ Օրֆալիզը` մեկուսի ու առանձնացած, մարդկային շփումներից հեռու: Այդ հեռավորությունը լցնում է ներքին մտասեւեռումներով, երկարատեւ խոկումներով, ինքնազննումներով, որ նրան մոտեցնում են ինքնաճանաչողության հոգեւոր վիճակներին: Մարդիմացության ու տիեզերաճանաչության ճանապարհը սկսվում է ինքնաճանաչողությունից: Իր ներաշխարհային լայնատարածություններում հասունացող Մարգարեն բարձանում է հոգեւոր-իմացական աշխարհի վերնաշերտեր, մոտենում Բացարձակ ոգու համատիեզերական արարչագործության գաղափարին` շնչավոր եւ անշունչ աշխարհը ընկալելով իբրեւ այդ մեծ ոգու տարադրսեւորումներ ու համասփռումներ:

Բնութենապաշտական ու հոգու ազատության այս սլացքները, խորհուրդներն ու բարոյախոսությունները՝ հին աշխարհի հոգեւոր տեքստերի եւ աստվածաշնչյան մարգարեների իմաստային «շնչառությամբ», հուսահատ տագնապների մեջ գտնվող հոգիների վրա իջնում են մխիթարանքի ու սփոփանքի բուժիչ ներգործությամբ: Իր` քաղաքից հեռանալու պահին, Օրֆալիզի բնակիչները շրջապատում են նրան, ասելով, թե «Միջօրէի լո՛յս մը եղար դուն մեր մթնշաղին մէջ» ու խնդրում պատասխաններ մարդկային բնության ու կեցության 26 հարցերի` սիրո, ամուսնության, զավակի, աշխատանքի, ուրախության ու տրտմության, օրենքի, ոճրի ու պատժի, վշտի, ինքնաճանաչման, ժամանակի, չար ու բարու, աղոթքի, հաճույքի, գեղեցկության, կրոնի, մահվան ու հրաժեշտի մասին: Մարգարեացող բանաստեղծը բացում է կյանքի բազում գաղտնիքներ, իրեն հասու դարձած տիեզերական խորհուրդներ:

Հրաշալի է պոեմի գեղարվեստական ավարտը` միստիկ խորհրդապաշտությամբ: Հրապարակի տաճարի մոտ միայնակ անհատը` մարգարեն, շուրջը հանրությունը` մոլորված իբրեւ հոտ: Ծովը` կյանքը, մարդկային գործունեությունների, ցանկությունների ու կրքերի դաշտ իբրեւ` ուրախությունների ու դժբախտությունների անխուսափելի շրջապտույտներով: Եվ նավը-կյանքի խորհուրդը վերծանող մարգարեի հեռացումով:

Արտաքին-զգայական, տեսանելի աշխարհից երեւույթների ու իրերի խորքը թափանցող տեսանող-բանաստեղծի խոսքերը հավերժական այն ճշմարտությունների արձագանքներն են, որոնց ակունքները մարդկության հեռավոր անցյալում ստեղծված հոգեւոր մեծ ուսմունքների մեջ են` հնդկական սուրբ գրքերից` Վեդաներից մինչեւ Աստվածաշունչ մատյան...


ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ